Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է նախադեպը չունեցող ծրագիր: Առաջին անգամ նոր ձևաչափով անցկացվող ծրագիրը կրել է «Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկխոսություն» խորագիրը:
Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Աննա Մկրտչյանը:
Նախաձեռնության հիմնական նպատակն էր ԵՄ ինտեգրացիոն գործընթացներում ձևավորել երկխոսություն Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների միջև` որպես քաղաքական միավորումների:
Ծրագրի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների և Արևմտյան Բալկանների անվտանգության հետ կապված մարտահրավերները, այդ թվում` աշխարհաքաղաքական գործոնները, էթնիկական հարաբերությունները, կոնֆլիկտային իրավիճակները, անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության վերջին զարգացումներին, բարեփոխումների կարևորագույն ուղիներին, համեմատականներ են տարվել Արևելյան գործընկերության երկրների և Արևմտյան Բալկանների միջև` ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու արդյունավետության տեսանկյունից:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ծրագիրն այս ձևաչափով անցկացվել է առաջին անգամ, և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից նման ձևաչափով ծրագրերի անցկացումը կկրի շարունակական բնույթ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն