«Դիլիջան ազգային պարկի» պահպանության ինժեներ Աշոտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիսի 22-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ազգային պարկում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 15 հատ անտառխախտման կեղծ արձանագրություն, դրանցում գրանցելով կեղծ տեղեկություններ:
Դիլիջանի ազգային պարկի տեղամասի պետ Մհեր Հովսեփյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կազմակերպելու եւ կատարելու մեջ, ազգային պարկում կատարված նշված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում, Արտյոմ Ալիխանյանի անձնական տվյալներով, Աշոտ Սարգսյանի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 064 անտառխախտման արձանագրության մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր:
Դիլիջանի ազգային պարկի տեղամասի պետ Նորայր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կազմակերպելու եւ կատարելու մեջ, ազգային պարկում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում կազմել է 13 հատ անտառխախտման կեղծ արձանագրություն, կատարել ստորագրություններ եւ գրառումներ, հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր:
Ազգային պարկի պահաբաժինների տեսուչներ Արամ Մանուչարյանին. Արամ Պետրոսյանին, Արարատ Թամրազյանին, Արթուր Գուլինյանին, Կամո Պողոսյանին, Կարեն Ստեփանյանին, Մանվել Պետրոսյանին, Քաջիկ Ստեփանյանին, Սամվել Հովհաննիսյանին, Արտյոմ Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված ստուգման արդյունքում անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ Աշոտ Սարգսյանի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունների մեջ կատարել են ստորագրություններ, հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: : Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ վերոհիշյալ բոլոր պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական կեղծիքը»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է նոյեմբերի 30-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ