Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Վոժդիզմ» չի կարող լինել, չփորձվե՛ք Հայաստանի վրա փաթաթել անձի պաշտամունքը

Դեկտեմբեր 03,2016 19:19

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ոչ թե կուսակցություն է, այլ գերկուսակցություն է»,- դեկտեմբերի 3-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը բազմիցս է նշել, որ Հայաստանը պետություն է, որն առաջնորդվում է եվրոպական արժեքներով. «Կներե՛ք, սրա ի՞նչն է եվրոպական արժեք: Կարդացեք հետհամագումարյան որոշ ոչ վերջին ՀՀԿ-ականների հարցազրույցները կամ մեկնաբանությունները այս համագումարի վերաբերյալ: Ես շատ եմ ուզում, որ ՀՀԿ-ն «Ենի Ադրբեջանից» տարբերվի: Այս «վոժդիզմը» կապ չունի եվրոպական արժեքների հետ: Այո՛, Եվրոպայում այդ «վոժդիզմով» առաջնորդվել են նացիստական կուսակցությունը, ֆաշիստական կուսակցությունը, բայց դա եվրոպական արժեքներին հակասող ուժերն են, այլ ոչ թե եվրոպական արժեքներով առաջնորդվող: «Վոժդիզմ» չի կարող լինել, չփորձվե՛ք Հայաստանի վրա փաթաթել անձի պաշտամունքը, հայ ժողովուրդը զզվում է անձի պաշտամունքից՝ անկախ այդ անձի անուն ազգանունից»:

Ռուբեն Մեհրաբյանը հավելեց, որ սերնդափոխությունը բնականոն գործընթաց է, որի ընթացքում բազմաթիվ բացասական որակներ անցնելու են պատմության գիրկը. «Ժամանակակից կյանքը ստիպելու է ընթանալ նոր ժամանակների պահանջներին համահունչ, որովհետեւ մենք չենք կարող վերածվել ինչ-որ ռեզերվացիայի, եւ Հայաստանն ապրում է գլոբուսի վրա, այլ ոչ թե ակվարիումի մեջ: Այդ միտումները չեն կարող շրջանցել Հայաստանը, որովհետեւ հայ հասարակությունը, այնուամենայնիվ, բաց հասարակություն է»:

Ասուլիսին էր մասնակցում նաեւ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը, եվրոպական արժեք ասելով, նկատի չի ունեցել, որ Հայաստանը դեպի Եվրոպա է գնում. «Մենք երկիր ենք կառուցում, օգտագործելով ե՛ւ եվրոպական արժեքները, Ռուսաստանում էլ շատ լավ բաներ կան, ե՛ւ այնտեղի արժեքները, մեր հարեւան Վրաստանի արժեքները»:

lernik-aleksanyan

Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ հայ ազգն իր մտածելակերպով եվրոպացի չէ. «Մենք այսօր հերոսներին շատ ենք գնահատում, եւ դրա մեջ առայժմ վատ բան չկա: Եթե չեն ձեւավորվել ժողովրդական ինստիտուտները առաջնորդները կարող են դրական դեր խաղալ: Եթե դուք Հանրապետական կուսակցության ներքին խոհանոցն ուսումնասիրեք կտեսնեք, որ այնտեղ ժողովրդավարությունը շատ զարգացած է, որ երկրի նախագահը, կուսակցության նախագահը մինչեւ չի լսում ուրիշներին, իր խոսքը չի ասում: Առաջնորդ ունենալը կուսակցության համար ունի լավ կողմեր»:

Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով՝ ՀՀԿ շատ քչերից է, որ լսել գիտի, այդ լսածից լավագույնն առանձնացնել գիտի եւ իր վերջնական խոսքում օգտագործել գիտի. «Եթե համեմատելու լինեք շատերի հետ, կոնկրետ Սերժ Սարգսյանին դուր չի գալիս, որ իրեն քծնում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031