Ինչպես հայտնի է, այսօր կայացել է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստում ԲՀԿ քաղխորհուրդը դիմում- հորդորով դիմել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին` վերադառնալ ակտիվ քաղաքականություն և գլխավորել ԲՀԿ-ն:
Այդ նույն ընթացքում ԲՀԿ-ական ակտիվիստներ և քաղաքացիներ հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի տան մոտ նույն հորդորով: Քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ և քաղաքական խորհրդի կողմից լիազորված անդամները հանդիպում են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, որի ժամանակ նրան փոխանցել են քաղխորհրդի դիմում-որոշումը և ԲՀԿ-ական շարքերի հորդորը:
ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հետ բավական անկեղծ ու անկաշկանդ զրույց են ունեցել: Գագիկ Ծառուկյանը փոխանցել է, որ ինքը հարգանքով է վերաբերվում ԲՀԿ-ականների և տասնյակ հազարավոր քաղաքացիների հորդորին:
Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ`Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ինքը իբրև երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Թե ինչ ձևաչափով ու երբ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ և մանրամասները կտեղեկացնի:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը մեկ մտահոգություն ունի. ունենալ ամուր, հզոր, արդար, բարգավաճ Հայաստան: Եվ հանուն այդ նպատակի ինքը առաջիկայում կհայտարարի իր հետագա գործողությունների մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ