«Ես եկե՞լ եմ երկարատեւ աշխատելու՝ ոչ: Ցանկություն ունե՞մ երկարատեւ աշխատելու՝ եթե հաջողակ լինեմ, այո: Ես չեմ կարող բեռ դառնալ, եթե ես ընդունելի չլինեմ»,- այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկման ժամանակ:
Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում:
Ամուլսարի խնդրի հետ կապված Կարեն Կարապետյանին ֆեյսբուքյան օգտատերերը հարցեր էին ուղղել, վարչապետը պատասխանեց, որ առարկայական պատասխան չունի, բայց առաջիկայում կանդրադառնա դրան:
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է անկախ դատական համակարգից, ինչ քայլեր են անհրաժեշտ: Վարչապետը պատասխանեց, որ դատաիրավական համակարգն իսկապես բարեփոխումների պահանջարկ ունի:
Կարդացեք նաև
Արսինե Խանջյանի նամակից հատված հրապարակվեց, որ իշխանություն ու հաստությունը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում: Վարչապետն ասաց, որ արժանի է ուշադրության եւ իրենք էլ այդ մասին խոսում են. «Մենք դրա դեմ աշխատում ենք, համաձայն եմ, որ դա խանգարում է, պե՞տք է դրա դեմ պայքարել, իհարկե, պետք է»:
«Անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ»,- վարչապետն ասաց, որ ահա այսպես է պատկերացնում 20-30 տարի հետո Հայաստանը:
Հարցին՝ հավատո՞ւմ եք հեքիաթներին՝ վարչապետը պատասխանեց. «Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր է, այս պահին շա՞տ եմ հավատում հեքիաթների՝ երեւի այո, բայց առօրյայիս մեջ հեքիաթներով եմ օժտվում՝ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ