Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:
Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ:
Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին:
Կարդացեք նաև
Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:
Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված շուրջ 120 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Ծաղկաձորի քաղաքապետը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն