ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խ.-ին:
Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խ.-ն, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, թույլատրել է փաստացի կազմակերպել քաղաքացիներ Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դրանից հետո Խաչիկ Խ.-ն իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր, հիշյալ երեք աղջիկները տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Խաչիկ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն