2014 եւ 2015թթ.-ի համեմատ՝ այս տարի 3-րդ բանակային կորպուսի պահպանության գոտում արձանագրվել է գնդակոծությունների եւ արկակոծությունների թվի զգալի նվազում: Այս տարի անգամ ականանետի կիրառման դեպք չի գրանցվել, ի տարբերություն նախորդ տարվա: Այս մասին մի խումբ լրագրողների՝ հյուսիս-արեւելյան սահմանագիծ կատարած այցի ընթացքում հայտնեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:
«Մենք պատասխան ենք տալիս բացառիկ դեպքերում, եթե խաղաղ ազգաբնակչության հանդեպ ոտնձգություններ են կատարում: Դրանք հակառակորդի կողմից ծանր զենքի կիրառման հետեւանքով բնակավայրերի վրա թիրախավորված կրակն է, գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, ահաբեկելը եւ նման խնդիրներ»,-տեղեկացրեց նա:
Գնդապետի խոսքով՝ հատկապես ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի կողմից նվազ քանակությամբ կրակոցներ են արձանագրվել: Հայկ Պետրոսյանը վստահեցրեց, որ զորքերի մարտունակության մակարդակը բարձր է:
Հավելենք, որ Տավուշում 20 գյուղ հակառակորդի կրակային գոտում է գտնվում:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ