Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուստրացիա` կողմ եւ դեմ

Դեկտեմբեր 03,2016 10:00

Երեկ խորհրդարանում կրկին հնչեց «լյուստրացիա» բառը: Ի տարբերություն քաղաքական գործիչների, մեկնաբանների եւ ֆեյսբուքյան օգտատերերի ճնշող մեծամասնության՝ ես այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերում, չունեմ վերջնական ճշմարտությանը հավակնող տեսակետ: Պե՞տք է արդյոք Հայաստանում լյուստրացիա անցկացնել, թե՞ ոչ, ժամանա՞կն է, թե՞ արդեն ուշ է, ես ունեմ կասկածներ թե «այո»-ի եւ թե «ոչ»-ի դեպքում: Ո՞ր խորությամբ է պետք այդ խնդիրը «քչփորել», ո՞ւմ հետ համագործակցելն է «մեղք» համարվում («կագեբե»-ի՞, Կոմկուսի՞), ի՞նչ է դրա համար հասնում, ո՞ր պաշտոններն են դառնում «անմատչելի» համագործակցելու դեպքում, արդյոք լյուստրացիան անձնական կամ քաղաքական հաշիվներ մաքրելու գործիք չի՞ դառնա: Վերջապես` եթե դա արվեր 90-ականների սկզբին, իսկապես որոշակի «մաքրագրման» էֆեկտ կունենար, իսկ 2016 թվականի վերջին… չգիտեմ:

Կարող եմ նաեւ «կողմ» փաստարկներ բերել: Ի վերջո՝ մենք պարզ ու միանշանակ գնահատական չտվեցինք այն չարագործություններին, այն անիրավ եւ անաստված համակարգին, որը մեր տարածքում գոյություն ուներ 70 տարի: Մենք հնարավորություն չտվեցինք մեր այն համաքաղաքացիներին, որոնք այն ժամանակ գործել են իրենց խղճի դեմ, ապաշխարել եւ նոր սկզբունքներով կյանք կառուցել: Գուցե դա՞ է պատճառներից մեկը, որ անկախ Հայաստանում հասարակական կյանքը կառուցվում է հին սկզբունքներով, որ մեր քաղաքացիների զգալի մասը մինչ օրս սպասում է «պապաներին», որոնք իրենց համար երջանիկ ու բարեկեցիկ կյանք կապահովեն, որ իշխանավորները կարծում են, թե իրենց պաշտոնը կյանքից հաճույքներ ստանալու համար է, եւ վերջապես` որ կուսակցությունների (հատկապես իշխող կուսակցության) համագումարները հիշեցնում են «լճացման» շրջանի ԽՄԿԿ համագումարները:

Սրանք սկզբունքային հարցեր են, որոնց շուրջ արժե մտածել: Միայն թե այն, ինչ երեկ քննարկվում էր խորհրդարանում, լյուստրացիայի հետ առանձնապես կապ չուներ: Զարուհի Փոստանջյանն այդ օրինագիծն է առաջարկել` ներկա իշխանությունների մասին ինչ-որ վատ բան ասելու համար (կարծես թե այլ առիթներ չկան), իսկ քննարկմանը ներկա հանրապետականները ամեն ինչ անում էին, որ այդ «փիս-փիս» բառերը չասվեն:

Ընդհանրապես, ես հաճախ եմ կարդում տեքստեր, որտեղ «լյուստրացիա» բառը հասկացվում է որպես «քաղաքական զտում»: Օրինակ՝ «ով դեմ է ոստիկանական գնդի վրա զինված հարձակմանը, նա բացահայտում է իր դեմքը` ի՞նչ վատ լյուստրացիա է»: Կամ` «ով կասկածում է, որ մեր կուսակցական լիդերի բոլոր քայլերը հանճարեղ են, նա ինքն է պատռում իր դիմակը` ահա ձեզ բնական լյուստրացիա»: Այդ «զտումները» կամ գուցե շանտաժները հակասում են «լյուստրացիայի» գաղափարին, որի իմաստը, որքան ես եմ հասկանում, բոլշեւիկյան ժառանգությունից հրաժարվելն է եւ ոչ թե բոլշեւիկյան ոգով գործելը:
Ավելին. ինձ թվում է՝ առանց հասկանալու եւ ներելու ոչ մի լյուստրացիա հնարավոր չէ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Բալաբեկ says:

    Էդ թունդ ընդդիմադիրները իրենց ոչ ադեկվատությամբ չեն զիջում իշխանավորներին:
    Ասա Զարուհի, խոսալուցդ ինչ օգուտ? Բանակցի, համոզի, պայմանավորվի, միավորվի, բայց գոնե գաղափարներիցդ մեկը փորձի անցկացնես, որ մի արդյունք ստանաս:
    Թե չէ մենակ դատարկ խոսքեր, պոպուլիզմ-մոպուլիզմ, ոչ ադեկվատ ամբիցիաներ ու 0-ական օգտակար գործողության գործակից:

  2. Լավատես says:

    Ես օրինակ դեմ եմ էդ արտասահմանյան երեւույթը հայ իրականություն մտցնելուն, գտնում եմ դա թեթեւացնում է ու դրանով քողարկում է հիվանդությունը եւ ոչ թե բուժում: Կարծում եմ պետական կառույցում պատգամավոր թե նախարար կամ դատավոր աշխատելը պակաս պատասխանատու գործ չէ, որքան ասենք ռազմական գիտահետազոտական հիմնարկում միջին ու բարձր պաշտոն գրավելը: Դրա համար՝ Ա պետական պաշտոնի թեկնածուին Հատուկ ծառայությունները մի ամիս մինչեւ ուղն ու ծուծը՝ ապուպապը զննում են, եթե կասկածելի բան չկա, Բ մեր թեկնածուն հանդիսավոր երդում է տալիս իր հարազատների ու ժողովրդի առջեւ ու ստորագրում իր երդման տակ ու դառնում պետական ծառայող: Գ Հատուկ ծառայությունները շարունակական հսկողության տակ են վերցնում պետական ծառայողին ու կանխում հնարավոր հանցագործությունները պետական ծառայողի կողմից, իսկ ծայրահեղ դեպքում՝ դատում նրան Հատուկ դատական օրենքով Հատուկ դատարանով ու Հատուկ բանտ ուղարկում: Դ Շարքային քաղաքացին պետք է ձգտի դառնալ գնդապետ քաղաքացի, իսկ գնդապետ քաղաքացին ըստ ապագա Օրենքի պարտավոր է ծառայել պետական համակարգում:

  3. Հ.Շ. says:

    Շնորհիւ Հայաստանին, ահա, նորէն բան մը սորվեցանք, (ի ծնէ)Սփիւռքահայերս:

    «Լյուստրացիա»… Ինչ ել սիրուն հնչող, երգեցիկ բառ է, մինչ որքան ահաւոր իմաստով:

    Ուրեմն ես, բացարձակապէս, առանց նշոյլ մը իսկ որեւէ վերապահութեան, դէմ եմ՝ ոստիկանական գնդի վրա զինված հարձակման, ոստիկանների սպանութեան, անձերի մարմնային ազատութեան կաշկանդումին եւ անոնց բռնի ենթարկումին մահվան վտանգի, առաւել դրսում քաղաքացիները գիտակցաբար մղելուն դէպի ծեծ, ձերբակալութիւն կամ աւելի վատ ճակատագիր, եւ այդ ամէնը կը համարեմ միայն հիմար եւ զզվելի, լիովին դատապարտելի ոճրագործութիւն, առանց որեւէ մեղմացուցիչ հանգամանքների:

    Իսկ քանի որ ներողամտութեան ալ խօսք կա վերեւ, բացահայտ կը նկատեմ թէ այդ թէական ներողամտության իրաւասությունը ամէն դէպքում կը պատկանի բացառապէս պատանդ բռնվածներին եւ սպաննուած ոստիկանների ընտանիքներին, նահատակվածների մայրերին, այրիներին եւ որբերին – որոնք շուտով իրենց առաջին – եւ այսուհետեւ, ընդմիշտ – Կաղանդը պիտի տօնեն առանց իրենց զաւակին, ամուսնոյն, պապային… Մինչ դուրսը լսվում են միայն աղմկալից բողոքն ու գանգատները ժամանակաւոր բանտարկյալների ընտանիքներին… –

    Նաեւ դիտել կու տամ թէ, նոյնիսկ հոգեւորական ըմբռնողութեամբ, ներում չի կարելի՝ առանց իսկական, հարազատ եւ անվերապահ խղճահարութեան, մեղքի գիտակցութեան եւ ընդունման, եւ զղջումի:

    Հետեւաբար, «Լյուստրացիա»ի հիման վրա, արդեօք ի՞նչ ձեւով պէտք է հիմա ինքնասպան ըլլամ…

  4. henri says:

    Ինչ է /Լյուստրացիայի/ նշանակութիւնը :
    իտալերէն կը նշանակէ /Կօշիկ փայլեցնող/
    յօդուածին մէջ վստահաբար կօշիկի հետ կապ չունի
    առ նուազն փակագծի մէջ հայերէն բառը մատնանշէք որ մեզ նման տգէտները կարենան
    բան մը հասկնալ,

    • Հ.Շ. says:

      Ընկերային-քաղաքական-վարչական-մտաւորական մաքրագործում կը նշանակէ, Հէնրի: Բառին այլազան իմաստներով… Որ կրնայ կատարվիլ զոհաբերման կամ ինքնազոհաբերման միջոցաւ: Որպէսզի, ըսածիդ պէս, ամէն բան՝ խոզանակով եւ ճիլայով սա՜ղը մաքրուած կօշիկի պէս մաքուր եւ փայլուն դառնայ… Ընդհանրապէս purge բառին ծանօթ էինք, այս նիւթի կապակցութեամբ, սակայն ահա հիմա նոր բան մըն ալ սորվեցանք:

  5. henri says:

    Շնորհակալութիւն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031