Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանության ղեկին լինելու երկարուձիգ 21 տարում անթիվ-անհամար անգամ հայտարարել է, թե իշխանությունն ունի բավարար քաղաքական կամք այս կամ այն հարցում: Նման կամքի գոյության մասին հանրապետականները խոսում են առավելապես ընտրություններից առաջ: Հիմա էլ նման բան է ասել ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը:
21-ամյա իշխանական կուսակցությունում Վահրամ Բաղդասարյանը 2011 թվականից է: Հենց 2011 թվականին Հայաստանի իշխանությունը բան չարեց, եւ ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացավ. հազար խմ գազը 154 դոլարից դարձավ 180 դոլար: Գազի գինը բարձրացավ նաեւ 2013-ին: 2015-ին, երբ Հայաստանում ոչ առանց հիմքի աճում էին հակառուսական տրամադրությունները, Ռուսաստանը իջեցրեց գազի գինը Հայաստանի սահմանին՝ 1000 խմ գազի համար 189 դոլարի փոխարեն 165 դոլար, Հայաստանի իշխանությունը խոսեց դոլար-դրամ արժեզրկում-արժեւորումից եւ բան չարեց, եւ սպառողի համար գինը մնաց անփոփոխ: Գումարած Հայաստանի քաղաքացիների համար ցավալի եւ արտագաղթ ծնող այլ իրողություններ. պաշտոնը անձնական հարստացման միջոց դարձրած ՀՀԿ-ականներ Գագիկ Բեգլարյան, Սուրիկ Խաչատրյան, Վարդան Ղուկասյան եւ այլք, նրանց որդիների եւ մտերիմների սանձարձակ պահվածք եւ այլն: Այս ամենի դեմ ՀՀԿ-ն բան չարեց, բայց չդադարեց կրկնել, որ ունի քաղաքական կամք:
2017-ի հունվարի մեկից Հայաստանի քաղաքացիների համար գազն էժանանում է՝ 1 խմ 146 դրամի փոխարեն 139 դրամ: Գումարած՝ պաշտոնը անձնական հարստացման միջոց դարձրած որոշ ՀՀԿ-ականներից ազատվելը: Սա՝ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո: Ուրեմն 21 տարի ծեծվող քաղաքական կամքը ոչ թե ՀՀԿ-ն ունի, այլ Կարեն Կարապետյանը, որ այս ամենը անելիս դեռ անկուսակցական էր: Հիմա ՀՀԿ-ական է: Մնում է անկուսակցական Կարեն Կարապետյանի քաղաքական կամքը անփոփոխ եւ ամբողջությամբ փոխանցվի հանրապետական Կարեն Կարապետյանին: Ու ոչինչ, որ Կարեն Կարապետյանի հաջողությունների առիթով քաղաքական կամքի թեմաներով գլուխ կգովեն ՀՀԿ-ականները: Կարեն Կարապետյանը մշտապես մեկ բան է ասում՝ բոլոր ծրագրերում իրական, տեսանելի արդյունքն է կարեւոր: ՀՀ քաղաքացիների համար էլ կարեւորը դա է:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
02.12.2016