Սակայն Ուիլյամ Լահյուն համարում է, որ Հայաստանը
կորցնում է կարողությունները՝ վերահսկելու իր Զինված ուժերը
Հնարավոր են Հայաստանի հետ հարաբերությունների հարցում ինչ-որ քայլեր` Թուրքիայի կողմից
Անցյալ հանգստյան օրերին Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն շարունակեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» նախագիծը: Ծրագիրը հովանավորում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը: Այս անգամ սեմինարին մասնակցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, որը ժամանել էր Թբիլիսիից եւ մեկ օր անցկացրեց հայաստանյան քաղաքական ուժերի, ՀԿ-ների երիտասարդ առաջնորդների հետ:
Ինչպես հայտնի է, Թուրքիայում ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը լայն քննարկումների առարկա է դարձել: Դրանով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի: Նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, եւ հավանության արժանանալու դեպքում հանրաքվեի կդրվի 2017թ. գարնանը: Նոր Սահմանադրության նախագծում մինչեւ այժմ 18 փոփոխություն է ընդգրկվել, ընդունվելու դեպքում դրանք էականորեն կընդլայնեն նախագահի լիազորությունները: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը այս համատեքստում կանխատեսում արեց, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ձեռք կբերի ավելի շատ ազատություն, եւ այդ դեպքում, հավանաբար, նրան այդքան անհրաժեշտ չեն լինի ընտրողների ձայները, որը մինչ այժմ նրա համար խիստ կարեւոր գործոն է հանդիսացել եւ Էրդողանը մշտապես ցանկացած հարցում հաշվի է առել երկրի ներսում հասարակական կարծիքը` ընտրողների ձայները: «Սահմանադրության փոփոխությունների ընդունման դեպքում հավանական եմ համարում, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում ինչ-որ քայլեր իրականացվեն` տեխնիկական, առեւտրային, ոչ քաղաքական: Թուրքիայում ընդդիմությունը բավական թույլ է: Զարմանալի էր այն փաստը, որ Թուրքիայի ընդդիմադիրները պաշտպանեցին սահմանադրական փոփոխությունները` թե՛ ազգայնականները, թե՛ քեմալիստները»,- նկատեց Դ. Շահնազարյանը:
Կարդացեք նաև
Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարեւոր անդամ է
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հանդես եկավ ՆԱՏՕ-ի հարաբերությունները գործընկերների հետ, Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում թեմայով ծավալուն զեկույցով, պատասխանեց երիտասարդների հարցերին: Նախ՝ պարոն Լահյուն խոսելով «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ իրականացվող ծրագրի մասին` նկատեց. «Նայեք, թե ովքեր են նստած սեղանի շուրջ: Դուք` երիտասարդներդ, ապագայում լինելու եք բիզնեսում կամ կառավարական պաշտոններ եք զբաղեցնելու: Սա ձեզ համար հրաշալի հնարավորություն է՝ հասկանալու, թե ինչպես է ձեր երկիրն աշխատելու: Գուցե վաղը-մյուս օրը ձեզնից որեւէ մեկը վարչապետ կամ արտաքին գործերի նախարար դառնա, կամ դեսպաններ, դիվանագետներ նշանակվեք: Դուք չգիտեք, թե որտեղ կլինեք ապագայում, դրա համար ես իմ այս օրը նվիրել եմ նրան, որ ձեզ հետ խոսեմ, որովհետեւ դա շատ կարեւոր է: Երբ ես էի երիտասարդ, ես նման հնարավորություններ չունեի, 15 տարեկանում մի էսսե գրեցի, եւ ինձ հրավիրեցին մի ֆորումի, որտեղ հնչած ելույթները ես մինչ այժմ հիշում եմ, որովհետեւ այլ հնարավորություն չեմ ունեցել»:
ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններին անդրադառնալով՝ նա նկատեց, որ եթե Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարություններին ականջալուր լինենք, ապա այդ հարաբերություններն ամուր են. «Սրանք հարաբերություններ են, որտեղ դաշինքի անդամները Թուրքիան համարում են շատ կարեւոր անդամ, ինչպես նաեւ Թուրքիան է դաշինքը համարում չափազանց կարեւոր, եւ անհավանական է, որ մենք երբեւէ բաժանվենք իրարից: Իզմիրում է տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարությունը, Թուրքիայում են տեղակայված նաեւ կարեւոր ռադարներ, որոնք կապված են բալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգերի հետ: Ռազմավարական նշանակություն ունի Ինջիրլիքի ռազմաբազան: Թուրքիայի ծովային ուժերը Սեւ ծովում եւ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի շատ կարեւոր բաղկացուցիչն են այդ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համար: Այսպիսով՝ Թուրքիան չափազանց կարեւոր է»:
Անհավանական է մեծ խզումը ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջեւ
Պարոն Լահյուն նկատեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրներից ունի որոշակի հիասթափություն` կապված այն արձագանքի հետ, որոնք հնչեցին Թուրքիայի համար բարդ իրավիճակում, մասնավորապես` հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձից հետո. «Թուրքիայում կա որոշակի զգացողություն, որ դաշինքի առանձին երկրներ բավական լրջորեն չեն վերաբերվել հուլիսյան հեղաշրջման փորձին: Թուրքիայում կա հիասթափություն, որ ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները չեն ցանկանում ճանաչել գյուլենական շարժումը որպես ահաբեկչական, քանի որ ըստ թուրքական իշխանությունների` հեղաշրջման փորձի կազմակերպիչները կապված են եղել այդ շարժման հետ: Հիասթափությունն առկա է այն առումով, որ դաշնակից երկրները նույնկերպ չեն արձագանքում, ինչպես, օրինակ, ահաբեկչությունների դեպքում Ֆրանսիայի համար էին արձագանքում: Այսինքն՝ կա փոխադարձ հիասթափություն, բայց կա նաեւ գիտակցում, որ Թուրքիան դաշինքի համար շատ կարեւոր է»:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավարի մատուցմամբ՝ մի կողմից՝ ՆԱՏՕ-ն քաղաքական դաշինք է եւ քաղաքական աջակցություն է ենթադրում Թուրքիային, մյուս կողմից՝ նաեւ ռազմական աջակցություն՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում խնդիրները. «Հետախուզական եւ անվտանգության համակարգերում սերտորեն համագործակցում ենք: Ինչ վերաբերում է Սեւ ծովին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն ավելացնում է իր ներկայությունն այնտեղ` Թուրքիան կնախընտրեր այնտեղ չլինել մենակ եւ ունենալ դաշնակիցների աջակցությունը` սեւծովյան տարածաշրջանում: Նույնը վերաբերում է Միջերկրական ծովին»,- նշեց պարոն Լահյուն: Նա նկատեց, որ Թուրքիան բավական բարդ հարեւանությունում է գտնվում` Իրանը, Սիրիան, Ռուսաստանը, եւ այս բարդ տարածաշրջանում Թուրքիան չէր ցանկանա գտնվել մի իրավիճակում, որտեղ նա չունենա դաշնակիցներ. «Թուրքիան սկսել է գիտակցել, որ գտնվում է կարեւոր դիրքում, նա դարձել է տարածաշրջանային տերություն, եւ նրանց գործողությունները նշանակալի ազդեցություն ունեն եվրոպական եւ հյուսիսատլանտյան տարածաշրջանի համար: Նախկինում եւս եղել են լուրջ հիասթափություններ, բայց հաշվի առնելով ներկայիս իրավիճակը` շատ անհավանական է, որ լինի մեծ խզում ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջեւ»:
Բանախոսը հավելեց նաեւ, որ Թուրքիան կարեւոր է ՆԱՏՕ-ի համար դաշինքի կողմից տարածաշրջանում քաղաքականության մշակման տեսանկյունից, այսինքն` դիտարկելով նաեւ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերներին, այդ թվում նաեւ Կովկասում, Թուրքիան եւս առաջատար դեր է խաղում. «Եթե հաշվի առնենք, որ Վրաստանը դեպի ՆԱՏՕ ձգտող երկիր է, ապա Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամ երկիրն է, որի հետ սահման ունի Վրաստանը: Երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ` այդ պարագայում Թուրքիան կունենա շատ մեծ նշանակություն, քանի որ ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության հոդված 5-ի սահմանման` Վրաստանը պետք է պաշտպանվի» (ՆԱՏՕ-ի կանոնադրության հոդված 5-ով` դաշինքի անդամ որեւէ երկրի նկատմամբ հարձակումը նշանակում է հարձակում դաշինքի նկատմամբ-Է. Գ.):
Ուիլյամ Լահյուն նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրները Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում են որպես կարեւոր տրանզիտային ճանապարհ` հաշվի առնելով էներգակիրները, որոնք գալիս են կասպյան տարածաշրջանից, հետեւաբար ՆԱՏՕ-ի համար Թուրքիան ունի ոչ միայն պաշտպանության եւ անվտանգության հարցերում կարեւոր նշանակություն, այլեւ առեւտրային: «Գիտակցելով այսքանը` Թուրքիան կցանկանար ստանալ ավելին ԵՄ-ից: Թուրքիան երկար ժամանակ փորձում էր դառնալ ԵՄ անդամ, սակայն հիասթափություն է ապրել դրան հասնելու ճանապարհին: Հաշվի առնելով այն բարդ քաղաքական իրավիճակը, որն այսօր կա նաեւ փախստականների հարցում` Թուրքիան փորձում է օգտագործել իրավիճակը եւ ԵՄ-ից ստանալ ավելին, քան հիմա է ստանում»: Ըստ բանախոսի` Թուրքիայում չնայած որոշ մտահոգիչ քայլերին` ժողովրդավարությունն աշխատում է, այլապես Թուրքիայի ընտրված եւ ժողովրդականություն վայելող իշխանությունները չէին կարողանա դիմակայել ռազմական հեղաշրջման փորձին: Նա հիշեցրեց, որ նախկինում ռազմական հեղաշրջումները Թուրքիայում հաջողել են, եւ իշխանությունները տապալվել են, ինչն այս անգամ տեղի չունեցավ:
ՆԱՏՕ-ի ուժի աղբյուրը կոնսենսուսով որոշումների ընդունումն է
Գալով ՆԱՏՕ-ի աշխատաոճին՝ Ուիլյամ Լահյուն հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով. «Սա, իհարկե, մարտահրավեր է, բայց սա է ՆԱՏՕ-ի ուժի աղբյուրը: Եթե մեկ պետություն չի համաձայնվում որոշման հետ, ապա չեն կարող ընդունել այդ որոշումը: Հետեւաբար մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք դաշինքի անդամ երկրների հետ, որպեսզի հնարավորություն ունենանք որոշումներ կայացնել եւ համագործակցել»: Ըստ բանախոսի՝ այսօր ՆԱՏՕ-ն բաժանվել է երկու մասի. այն անդամ երկրները, որոնք սահման ունեն Ռուսաստանի հետ, նրանց հիմնական մտահոգությունն է դարձել կրկին խնդիրներ առաջացնող Ռուսաստանը, այն բանից հետո, երբ ՌԴ-ն բռնակցեց Ղրիմը եւ ներխուժեց արեւելյան Ուկրաինա:
«Ռազմական ուժի կիրառումը սահմանները փոխելու հարցում ՌԴ-ի հետ սահմանակից դաշինքի անդամ երկրներում չափազանց մեծ մտահոգություններ առաջացրեց: Մասնավորապես, փոքր երկրների համար ՆԱՏՕ-ն այն երաշխիքն է, որով ՌԴ-ն չի ստիպի իրենց կատարել որոշակի փոփոխություններ ներքին կամ արտաքին քաղաքական որոշումներում: Այս երկրները եւս ունեն Թուրքիայի կարիքը, որպեսզի կարողանան ապահովել կոնսենսուս եւ վստահ լինեն, որ իրենց ազգային անվտանգության խնդիրները կլուծվեն: Իսկ դաշինքի հարավային անդամներն առավելապես մտահոգված են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներով եւ տարածաշրջանից փախստականների ու ահաբեկիչների ներհոսքով դեպի Արեւմուտք: Սա շատ լուրջ իրավիճակ է, եւ այն երկրները, որոնց վրա այս իրավիճակն ազդեցություն է ունենում, եւս Թուրքիայի կարիքն ունեն: Այս համակարգը նաեւ սահմանափակումներ էլ ունի, օրինակ` Սիրիայի նման բարդ հարցում հնարավոր չէ 28 անդամ երկրներին բերել կոնսենսուսի, չնայած այն բանին, որ որոշ երկրներ կցանկանային, որ ՆԱՏՕ-ն մտներ Սիրիա»,- ասաց բանախոսը:
Հայաստանում ռուսական ռազմաբազան խնդիր չէ ՆԱՏՕ-ի համար
Ծավալուն զեկույցից հետո Ուիլյամ Լահյուն պատասխանեց երիտասարդների բազմաթիվ հարցերին: Նա նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը խնդիր չէ ՆԱՏՕ-ի համար, դա նույնիսկ քննարկման հարց չէ ՆԱՏՕ-ի համար. «Դա նույնիսկ ազդեցություն չունի Թուրքիայի վրա: Դա փոքր ռազմաբազա է՝ 5000 մարդկանցով: Մենք հասկանում ենք, որ դա առավելապես քաղաքական նշանակություն ունի: ՆԱՏՕ-ն համարում է, որ դա Հայաստանի որոշելիք հարցն է: ՆԱՏՕ-ն Գործընկերության շրջանակներում աշխատում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, դա որեւէ կերպ չի վերաբերվում այլ ռազմավարություններին: Այստեղ առավել կարեւոր է այն ընկալումը, որն ունեն ՌԴ-ում ՆԱՏՕ-ի վերաբերյալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն: Ռուսական ընկալմամբ՝ եթե որեւէ տարածաշրջանում կա ռուսական ազդեցություն, դա խնդիր է մեզ համար, բայց ՆԱՏՕ-ն այդպես չի համարում: ՆԱՏՕ-ն ազդեցություն չի գործում անդամ երկրների արտաքին քաղաքականությունների վրա, անդամ երկրներն են որոշում իրենց արտաքին քաղաքական ուղղությունը: Մենք ունենք առանձին երկրներ, որոնք ազդեցություն են ունենում Թուրքիայի վրա եւ որոշում են օրակարգը, այդ երկրներն են ազդում ՆԱՏՕ-ի վրա»,- պարզաբանեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Սեմինարի մասնակիցներին հետաքրքրեց օրեր առաջ արդեն ստորագրված հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագրի վերաբերյալ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի գնահատականը, սակայն Ուիլյամ Լահյուն նշեց. «ՆԱՏՕ-ն առանձնապես հետաքրքրված չէ դրանով, մեզ համար դա կարեւոր չէ: Դա Հայաստանի խնդիրն է: Վերլուծական տեսանկյունից կարող ենք ասել, որ Հայաստանը կորցնում է իր կարողությունները` վերահսկելու իր Զինված ուժերը, բայց դա ՆԱՏՕ-ի մտահոգությունը չէ: ՆԱՏՕ-ն ինքնիշխան պետությունների միություն է, եւ մենք նույնիսկ անդամ պետություններին չենք ասում` ինչ անել: Բերեմ մեկ օրինակ. եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ցանկանար իր տարածքում ունենալ ռուսական ռազմաբազա, մենք իրականում չէինք կարողանա կանգնեցնել այն՝ չնայած դա մեզ համար կլիներ արդեն մեծ մտահոգություն»:
Սեմինարի մյուս բանախոսները` Երեւանի պետական համալսարանի դասախոս, Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի շրջանավարտ Արտակ Այունցը, քաղաքագետ, «Առաջին լուրեր» լրատվական-վերլուծական վեբ հեռուստատեսության գործադիր տնօրեն Աղասի Ենոքյանը երիտասարդներին ներկայացրեցին բանակցային հմտությունները, բանակցությունների հակիրճ բնութագրությունը, առանց պարտվողների բանակցությունները հաջողելու հնարավորությունները, բանակցությունների վարման սկզբունքները, համաձայնության հասնելու ուղիները, պայմանագրի շուրջ բանակցելու սկզբունքները, ինչպես նաեւ գործնական վարժություններ իրականացրեցին եւ քննարկեցին վարժության արդյունքները, թե ինչպես են կարողացել բանակցել, ինչ հմտություններ են կիրառել, ինչ են շահել, ինչ արդյունքների են հասել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 02.12.2016