Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանի խոհանոցում էլեկտրահարվածի գործը վերաքննիչ դատարանում է

Դեկտեմբեր 03,2016 15:00

Ջեմմա Ասոյանն առաջին անգամ էր գնացել աշխատանքի: Նա ընդունվել էր աշխատանքի «Զանգու» ռեստորանում` որպես մաքրուհի, օրական 5000 դրամ աշխատավարձով:

Վերաքննիչ քրեական դատարան է դիմել դատախազ Կ. Բարսեղյանը, որը պահանջում է ռեստորանային համալիրի տնօրեն Մարիաննա Պալիկյանի արդարացման դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով լսելու համար: Նոյեմբերի 30-ին սկսված բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 23-ին՝ դատավորներ Մհեր Արղամանյան, Մխիթար Պապոյան եւ Սերգեյ Չիչոյան կազմով:

Առաջին ատյանի դատարանում դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ ընթացած դատաքննության ժամանակ Մարիաննա Պալիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա 2011 թվականից Երեւանի Կիեւյան հասցեում գործող ռեստորանային համալիրի` «Պետրոս Ասիրյան» ՍՊ ընկերության սեփականատեր- տնօրենն է: Նա դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտնել էր, թե մինչ ամուսնու մահը` 2011թ. ապրիլի 30-ը, ռեստորանի հետ կապված բոլոր հարցերով զբաղվել է ամուսինը: Իսկ 2015թ. հուլիսի 17-ին ռեստորանը վարձակալական հիմունքներով հանձնել է Իրաքի քաղաքացի Ամեր Ամեեդ Աքրամին:
Ըստ գործի նյութերի, իրաքցու հետ կնքվել է վարձակալության պայմանագիր. «Վարձակալության հանձնելիս խոհանոցային տեխնիկայի, այդ թվում եւ էլեկտրական տապակիչի հետ կապված որեւէ խնդիր, անսարքություն չի եղել: Մենք ստուգել ենք խոհանոցային սարքավորումները, սակայն որեւէ անսարքություն չի հայտնաբերվել»: Ըստ էության, հոսանքի հետ կապված խնդիրներով տնօրենն ասում է, իրեն ոչ ոք չի դիմել: Թե ով է կատարել ռեստորանային համալիրի էլեկտրամոնտաժման աշխատանքները, ինքը տեղյակ չէ, քանի որ այն կատարվել է ամուսնու կենդանության օրոք:

Էլեկտրահարման հետեւանքով խոհանոցում մահացել է Ջեմմա Ասոյանը:
Ըստ տնօրենի, էլեկտրահարման մասին իմացել է նույն օրը, անմիջապես գնացել է խոհանոց ու տեսել է, որ գազօջախը, էլեկտրական ֆրիտյուրնիցան տեղաշարժված են եղել պատից առաջ. խոհանոցի կենտրոնում էին: Տուժողը էլեկտրահարվել է մաքրման աշխատանքներ կատարելիս: Տնօրենը չի ճանաչել իր աշխատակցին:

Տուժողի իրավահաջորդ Հարություն Ասոյանը, որը մահացածի որդին է, դատարանում հայտնել էր, որ մայրը 2015թ. հուլիսի 22-ին առաջին անգամ գնացել է աշխատանքի: Այդ օրն էլ իր բարեկամներից տեղեկացել է, որ մայրը ռեստորանում ընկել է եւ կոտրվածքներ ունի. «Երբ հասա Կիեւյան 1 հասցեում գտնվող ռեստորան, տեսա, թե ինչպես են մորս դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխում դիահերձարան»: Նա տնօրենից վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել, իսկ դատարանում էլ հայտնել էր, թե մոր հուղարկավորության արարողության ժամանակ իրենց ֆինանսապես աջակցել է ռեստորանի վարձակալը՝ 1700 ԱՄՆ դոլարի չափով:

Ի դեպ, նախաքննության մարմինը Մարիաննա Պալիկյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, որ նա 2011թ. նոյեմբերից հանդիսանալով Երեւան քաղաքի «Պետրոս Ասիրյան» ՍՊԸ-ի տնօրեն եւ լինելով աշխատանքի պաշտպանության` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատու անձ, խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217 հոդվածի 4-րդ կետով նախատեսված անվտանգ եւ առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու դրույթը, այն է` չի իրականացրել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N1933-ն որոշման «Տեխնիկական կանոնակարգ» «էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» N 21 գլխի 7 կետի պահանջները, այսինքն` հրամանագրված 3-րդ խումբ մինչեւ 1000 վոլտ լարման հետ առնչվելու իրավունք ունեցող պատասխանատու աշխատող չի ունեցել, որպեսզի վերջինս ընկերությանը պատկանող Կիեւյան 1 հասցեում գործող սրճարանի խոհանոցում գտնվող բոլոր

լեկտրասարքավորումների, այդ թվում՝ նաեւ «OZTI» տեսակի տապակիչի, տեխնիկական անձնագրերով սահմանված ժամկետներում եւ ծավալով ստուգումներ եւ փորձարկումներ անցկացնի, ինչի հետեւանքով չի պարզվել, որ էլեկտրական տապակիչի` դեռեւս մոնտաժման ժամանակ, ֆազի եւ հողանցման ջիղերը միմյանց հետ միացված են եղել, որի պատճառով տապակիչի իրանը գտնվել է լարման տակ: Նա 17.07.2015թ.-ին, վարձակալական հիմունքներով, ռեստորանային համալիրը տվել է «Ամեր» ՍՊԸ-ին` առանց մասնագետի` ձեւական կատարելով ռեստորանային համալիրի էլեկտրական սարքավորումների ընդունում-հանձնում, ինչից հետո նոր վարձակալը մինչ նշված օբյեկտի շահագործմանն անցնելը խոհանոցի մաքրման աշխատանքների կատարման համար հրավիրել է Ջեմմա Ասոյանին, ով խոհանոցը մաքրելու ընթացքում դիպչելով տապակիչին՝ էլեկտրահարվել եւ մահացել է:

Նշենք, որ «Հովասափյան» ՍՊ ընկերության տնօրեն Նաիրա Հովասափյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել, որ 2015թ. «Զանգու» ռեստորանային համալիրի շահագործման համար կնքել է պայմանագիր, որից հետո, հոկտեմբերին հրավիրել է համապատասխան մասնագետի` ռեստորանի էլեկտրական սարքավորումներն ստուգելու համար, էլեկտրիկին ընտրել է պատահական, հեռախոսահամարը գտել է «List.am» կայքից. «Էլեկտրիկն էլեկտրական տապակիչի հետ ինչ-որ թերություն է հայտնաբերել եւ վերանորոգել է այն, որից հետո ռեստորանը հանձնվել է շահագործման: Էլեկտրիկի տվյալներն իր մոտ չեն պահպանվել»:

Վկաներից մեկը ցուցմունք էր տվել, թե ծանոթացել է Ամեր Ամեեդ Աքրամի հետ, վերջինս Մարիաննա Պալիկյանից վարձակալել է սրճարանի տարածքը եւ իրեն ընդունել որպես սրճարանի մենեջեր: Տարբեր անձինք են եկել` աշխատանքի ընդունվելու համար, այդ թվում նաեւ` Ջեմման: Ինքը Ջեմմայից պահանջել է անձնագիրն ու սոցիալական քարտը, որպեսզի հենց նույն օրը նրան գրանցի որպես ռեստորանի հավաքարար՝ օրական 5.000 ՀՀ դրամ աշխատավարձով, սակայն Ջ. Ասոյանը հայտնել է, որ սոցիալական քարտը թողել է տանը եւ միայն անձնագիրն է մոտը: Ինքը նրան առաջարկել է հաջորդ օրը սոցիալական քարտով գալ եւ միանգամից ընդունվել աշխատանքի, սակայն Ջ. Ասոյանը խնդրել է, որ այդ օրը սկսի աշխատանքը, իսկ սոցիալական քարտը կբերի հաջորդ օրը: Ինքը համաձայնել է եւ Ջ. Ասոյանին ուղեկցել ռեստորանի առաջին հարկում գտնվող խոհանոց ու հայտնել, որ այնտեղից պետք է սկսի մաքրման աշխատանքը: Ջ. Ասոյանն անցել է աշխատանքի: Խոհանոցը մաքրելիս Ջեմման տեղաշարժել էր տապակիչը, դեպքի ժամանակ նա ոտաբոբիկ էր, իսկ դեպքից հետո գետնին ջուր կար թափված:

Սպասք լվացող վկան էլ հայտնել էր, թե ռեստորանի նախկին վարձակալը եղել է Վարդան անունով մեկը: Արտասահմանցի վարձակալի ժամանակ է նա աշխատանքի ընդունվել: Բացի սպասք լվանալը, իր պարտականությունների մեջ մտել է խոհանոցի ընդհանուր մաքրությունը: Իսկ էլեկտրական սարքավորումները մաքրելիս երբեք որեւէ խնդիր չի ծագել, վտանգավոր չեն եղել:

Գործի նյութերը երեք հատոր են:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031