Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Մեհրաբյանը զուգահեռ գործունեություն է իրականացնում Շվեդիայում եւ Հայաստանում (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2016 14:30

Շուրջ 20 տարի Եվրոպայի տարբեր երկրներում են ապրում ու հեղինակավոր թատրոններում ստեղծագործում բալետի ավելի քան 25 հայ արտիստներ: Ժամանակին նրանք համախմբվեցին՝ հիմնելով «Հզոր զգացմունքներ» խումբը, որին հայաստանցի հանդիսատեսն առաջին անգամ ծանոթացավ 2006թ., ինչից հետո դարձյալ մի քանի անգամ հնարավորություն ունեցանք ներկա գտնվել այդ խմբի երեւանյան բարձրարվեստ ելույթներին: Սակայն նրանցից 1-2-ն են գործունեություն ծավալում նաեւ որպես խորեոգրաֆ: Վերջին շրջանում Երեւանում հաճախ ենք հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ, 2011թ. մինչ օրս Շվեդիայի արքայական բալետի առաջատար մենապարող եւ խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանին: Հիշեցնենք, որ արտիստը մինչ Արքայական բալետին անդամագրվելը, 2000 թվականից աշխատել է սկզբում Համբուրգի, ապա 2009-ից՝ Ցյուրիխի բալետներում:

Արվեստագետը ամռանը Ազգային օպերային թատրոնում իր խորեոգրաֆիայով ներկայացրեց «Արշիլ Գորկի» ներկայացումը, որին մասնակցեցին հրավիրյալ արտիստներ եւս՝ Շվեդիայի արքայական թատրոնից Վահե Մարտիրոսյանը, Բավարիայի պետական թատրոնից Տիգրան Միքայելյանը եւ Ժնեւի թատրոնի մենապարուհի Անժելա Լի Ռեվելոնը:
Այս օրերին Արսեն Մեհրաբյանը դարձյալ հայրենիքում է:

arsen_mehrabyan_3

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կարծես երկրորդ պլան մղելով այցի նպատակը, շտապեց հայտնել, որ ամռանը Կաննում առաջին անգամ կայացած Մայա Պլիսեցկայային նվիրված փառատոնին «Հզոր զգացմունքները» արժանացել է աշխարհահռչակ պարուհու անվան մրցանակին՝ բալետային արվեստում ունեցած ավանդի համար:

arsen_mehrabyan_7

Հետո արդեն տեղեկացրեց այս անգամ Երեւանում գտնվելու առիթը. «2017թ. պարարվեստի պետական «Բարեկամություն» անսամբլի համար (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան) հոբելյանական է: Լրանում է անսամբլի հիմնադրման 30-ամյակը: Մեծ ցանկություն ունեմ իմ խորեոգրաֆիայով Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի առաջին մասով իրականացնել «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը, Երեւանի պարարվեստի քոլեջի սաների հետ սկսել եմ բեմադրական աշխատանքները, որոնք կներկայացվեն Բախի Բրանդենբուրգյան կոնցերտի եւ Գոլդբերգի վարիացիաների հնչյունների ներքո: Ժամանակատար աշխատանք է, որին մտադիր եմ մասնակից դարձնել եվրոպական թատրոններում ճանաչված ինչպես իմ համերկրացիներից ոմանց, այնպես էլ օտարազգի արտիստներին: «Բարեկամություն» անսամբլի հոբելյանական այս ծրագրի առիթով համաձայնեցված է Հայաստանի մշակույթի նախարարության հետ»: Հետաքրքրությանը, թե՝ խաղացանկը հաճախ թարմացնող եւ մշտապես հյուրախաղային գրաֆիկով ապրող Շվեդիայի արքայական թատրոնն ինչպես է իր առաջատար արտիստին այսքան օրեր «բաց թողել», արվեստագետի պատասխանը հակիրճ էր. «Խնդրել եմ, եւ ինձ որոշակի ժամանակ է տրամադրվել»:

arsen_mehrabyan_2
Ըստ մեր տեղեկությունների՝ արվեստագետը մեծամասշտաբ ծրագիր է սկսել նաեւ Շվեդիայում, ինչն ուղիղ կապ ունի Հայաստանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա իրականացվելու է Ստոկհոլմում մեկ ամիս առաջ բացված Հայկական կրթական եւ մշակութային միության միջոցով: 3-5 տարի տեւողությամբ ծրագիր է, որին աջակցում է Շվեդիայում Հայաստանի դեսպանությունը: Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն պարարվեստի, այլեւ մշակութային այլ ոլորտներում իրականացնել տարբեր նախագծեր, օրինակ՝ հայաստանցի մանկավարժները հնարավորություն կունենան Շվեդիայում տեղի եւ օտարազգի մասնագետների մոտ կատարելագործվելու կամ՝ Երեւան կայցելեն եվրոպացի մասնագետներ, որոնք տեղում դասեր կանցկացնեն, կարճ ասած՝ մշակութային փորձի փոխանակման եւ ուսուցման ծրագիր է: Նշեմ, որ միության բացումը կազդարարենք 2017թ. ամռանը, Ստոկհոլմում կայանալիք «Հզոր զգացմունքների» եւ օտարազգի արտիստների գալա համերգով»: Հարցին, թե մտադրություն կա՞ միության աշխատանքներին մասնակից դարձնել Հայաստանում Շվեդիայի դեսպանությանը, Արսեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ոչ միայն դեսպանությանը, այլեւ Հայաստանում Եվրամիության գրասենյակին»:

arsen_mehrabyan_8 arsen_mehrabyan_6 arsen_mehrabyan_5 arsen_mehrabyan_9

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031