Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյանը կրկին ազգային հավաքականի ղեկի առջեւ է

Դեկտեմբեր 03,2016 13:30

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը երեկ գնահատեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը, նախանշեց առաջիկա քառամյա շրջափուլի անելիքները:

Գլխավոր մարզիչներն ու մասնագետները ամփոփեցին բոլոր տարիքային խմբերի հավաքականներում իրենց կատարած աշխատանքը, որից հետո ընդունվեցին օրակարգային մի շարք որոշումներ: Համաժողովից հետո ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը հարցազրույց տվեց «Առավոտին»:

– Պարոն Գեւորգյան, երեք մասնագետների նկատմամբ կարգապահական որոշումներ կայացվեցին: Նման բան հաճախ չի լինում:

– Այո: Նրանց հետ կապված միջադեպեր էին գրանցվել, խնդիրներ կային ու կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ նրանք որակազրկվեցին տարբեր ժամկետներով: Այդ մարդիկ՝ Էդուարդ Կոստանյան, Արթուր Ուլիխանյան եւ Գարիկ Բաղդասարյան, սահմանված պատժաժամկետներում իրավունք չեն ունենա ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող միջոցառումներին ներկա գտնվել, լինել մարտավկա: Տեղի ունեցավ նաեւ գործկոմի անդամի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն:

– Ո՞վ է գլխավորելու Հայաստանի ընտրանին:

– Նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը (Դավիթ Թորոսյանը ընտրանու ղեկից հեռացել էր այն բանից հետո, երբ հրաժարվեց իր սաների հետ մեկնել Բաքու եւ մասնակցել եվրոպական խաղերին: Ա. Հ.), որը հավաքականը գլխավորելու է օլիմպիական նոր քառամյա փուլում: Դավիթ Թորոսյանի վերադարձը թելադրված է դրա անհրաժեշտությամբ: Նա ոչ միայն մեծ բռնցքամարտիկ է եղել, այլեւ միջազգային փորձ ունեցող մարզիչ է: Այն խնդիրները, որ ես եմ տեսնում՝ մեր մարզիկների տեխնիկական եւ տակտիկական պատրաստվածության որակներ, մարտաոճի բացակայություն, նա կարող է լրացնել: Ի դեպ, Դավիթ Թորոսյանի առջեւ պայման է դրվել, որպեսզի ինքը որոշի, թե ում է ցանկանում տեսնել երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում: Դա տրամաբանական է, քանի որ երիտասարդները եկող տարիներին տեղափոխվելու են մեծահասակների թիմ ու շատ կարեւոր է, որպեսզի մարզիչները միմյանց ճանաչեն ու վստահեն, աշխատեն միասնական, որպես մեկ թիմ:

Առաջին կարեւոր նորամուծությունը եղավ այն, որ այսուհետեւ ֆեդերացիայի բոլոր առաջատար մարզիկները պարտադիր մասնակից դառնան իրենց ճակատագրի շուրջ կայացվելիք որոշումներին:

box

– Դուք չէիք բացառում նաեւ, որ հնարավոր է, հավաքականների ղեկը արտասահմանցի մասնագետների վստահվի: Ու, որքան տեղյակ եմ, նույնիսկ բանակցություններ էիք վարում:

– Այո, այդպիսի բան եղել է: Բայց նրանց պահանջներն ու որակները միմյանց չհամապատասխանեցին: Եթե մարդը կոնկրետ գումար է պահանջում, պետք է այդ գումարի որակ ունենա եւ արդյունք ապահովելի պատասխանատվություն ստանձնի: Մենք, ի դեմս Դավիթ Թորոսյանի, ունենք մարզիչ, որի որակները շատ ավելի բարձր են, որն ունի մարզչական միջազգային փորձ: Դրան ավելացրած, պարոն Թորոսյանը պատրաստակամ է աշխատել ավելի հարմար պայմաններով:

– Գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվում էր նաեւ Իսրայել Հակոբկոխյանի անունը:

– Չեմ թաքցնում: Նա նույնպես բարձրակարգ մարզիկ է, շատ բարձրակարգ մարտավկա: Նրան նույնպես առաջարկել եմ գլխավորել հավաքականը: Բայց Իսրայել Հակոբկոխյանն ավելի կրիտիկական ու խորը պայմաններ է դնում:

– Վերջին շրջանում մեր զրույցների ժամանակ դուք մտահոգություն էիք հայտնում մեր մարզիչների մեծ մասի որակների մասին: Որքան էլ հավաքականի մարզիչը լավը լինի, եթե չկան կադրեր մատակարարող մասնագետներ, սպասված արդյունք էլ չի լինի:

– Ինձ, որպես նախկինում թե սիրողական, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի, որը երկու ռինգերում էլ բավականին բարձր արդյունքների է հասել, ու նաեւ ֆեդերացիայի նախագահի, մեր մարզիչների՝ ժամանակակից պահանջները բավարարող մասնագիտական որակները միշտ էլ մտահոգել են: Եվ դրա հիմքերը դնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկում ենք: Օրինակ, պլանավորել ենք եկող տարի մեր մարզիչների համար դահլիճային պայմաններում որակավորման բարձրացման տեսական եւ գործնական պարապմունքներ կազմակերպել, որոնց ավարտին նրանց կշնորհենք երկու աստղի որակավորում: Դա միջազգային ռինգ դուրս գալու համար բավարար չէ, բայց կարեւոր է հանրապետության ներսում գործունեությունն ավելի որակով իրականացնելու համար:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031