Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի «առաջացման» արմատները

Դեկտեմբեր 03,2016 13:00

Սոցիոլոգները եւ քաղաքական վերլուծաբանները հաճախ անկարող են լինում նախագուշակել որոշ երեւույթների առաջացումը: Անցյալի նման երեւույթներից կարելի է հիշատակել Սովետական Միության փլուզումը, 2008 թվականի միջազգային ֆինանսական ճգնաժամը, Արաբական գարունները եւ վերջինը՝ Թրամփի նախագահ դառնալը:

Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ում ընտրական վարքի ճանաչման ուղղությամբ տարբեր տեսակետներ են արծարծվել ու զարգացել, սակայն այդ տեսակետներն անզոր են մնացել Ամերիկայում քաղաքական կարեւոր դեպքերի առաջացման նախագուշակումը, այդ իսկ պատճառով վերջին ամիսներին մի շարք տեսաբաններ սկսել են բացատրություններ ու մեկնաբանություններ ներկայացնել ամերիկյան պոպուլիզի մասին: Այս կապակցությամբ մի խումբ վերլուծաբանների տեսությունը հենվում է ամերիկյան հասարակության աղքատ ու չքավոր դասակարգի տնտեսական պահանջների վրա, նրանց կարծիքով՝ վերջին մի քանի տասնամյակների տնտեսական քաղաքականությունը հիմնականում այդ դասակարգի վնասին է վերջացել եւ առաջացրել է հսկա տնտեսական դժգոհություններ, օրինակ՝ ազատ առեւտրի քաղաքականությունը պատճառ է դարձել, որ հասարակ բանվորները կորցնեն իրենց աշխատանքը Ամերիկայում, որովհետեւ Ամերիկայի հասարակ բանվորները ի զորու չեն մրցակցելու զարգացող երկրների էժան աշխատուժի՝ բանվորների հետ: Այս երեւույթը պատճառ է դարձել, որ կամ Ամերիկայում արտադրամասերը արձակվեն ու անգործունեության մատնվեն, կամ էլ տեղափոխվեն զարգացող երկրներ:

Թրամփը շեշտում է, որ կսահմանափակի ազատ առեւտուրը, եւ բանվորական միավորները հակվում են դեպի Թրամփ, որոնք հիմք են հանդիսանում նման վերլուծաբանների համար պարզաբանելու պոպուլիզմը, սակայն շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ Թրամփի համակիրների գլխավոր պահանջները տնտեսական հարցերը չեն, որոշ մասնագետներ նաեւ Թրամփի հարստությունը եւ թագավորական կյանքը հակասության մեջ են տեսնում ցածր դասակարգի պահանջների հետ:

Անկախ այս ցաքուցրիվ վերլուծություններից, որոնք գտնում են, որ պոպուլիզմի առաջացման պատճառը քաղաքական գործիչներն ու կուսակցությունների կառույցներն են, երկրորդ խմբի տեսաբանները Ամերիկայում պոպուլիզմի առաջացման պատճառը մշակութային գործոններն են համարում: Վերլուծաբանների այս խմբի վիճակագրական տվյալները՝ արեւմտյան հասարակությունների նորմերի կամ արժեքների փոփոխման մասին, ցույց են տալիս, որ 70 թվականներից այս կողմ առաջադեմ հոսանքները համակրություն են ձեռք բերել համալսարանական շրջանավարտների շրջանակներում: Այս հոսանքները հիմնականում պրոպագանդում են այնպիսի մշակութային արժեքներ, որտեղ հենվում են բազմամշակութային, միջազգային մասշտաբով խաղաղության ու համագործակցության վրա, նրանք ճանաչում են կրոնական ու սեռական փոքրամասություններին: Հին սերունդները եւ ավանդապաշտ ուժերը նման արժեքները սպառնալիք են համարում իրենց հիմնական արժեքների, կրոնական հավատքների, ընտանիքի եւ ազգասիրության հավատքների համար:

Վերլուծաբանների երրորդ խումբը Ամերիկայում եւ արդյունաբերող երկրներում պոպուլիզմի ամենակարեւոր գործոնը քաղաքական զրկվածությունն են համարում: Այդ վերլուծաբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ ֆորմալ եւ հավասարակշռված քաղաքական գործիչների հանդեպ հակումների զարգացումը ԱՄՆ-ում, որտեղ Թրամփը դրանցից մեկն է, սկսվել է անցյալ մի քանի տարիների ընթացքում: Պոպուլիստական ղեկավարները ոչ ֆորմալ ու սովորական գրականությամբ արտացոլում են զրկված զանգվածների եւ արեւմտյան երկրների ոչ կենտրոնական խավերի զգացմունքները՝ խուսափելով ու չհարգելով իշխող ու տեղ գտած քաղաքականությանը:
Ութ տարի առաջ Օբաման փոփոխությունների առաջացման լոզունգներով կարողացավ հաղթել ու դառնալ ԱՄՆ-ի նախագահ: Այսօր Թրամփը հարձակվելով իշխող խավի կամ իշխանության վրա եւ փոփոխություններ տալու խոստումներով կարողացավ ԱՄՆ-ի նախագահ դառնալ: Արդյո՞ք նա կարող է այդ ոչ սովորական լոզունգներով ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոփոխություններ առաջացնել, կամ էլ նա կհայտնվի փակուղու մեջ: Դեռ շուտ է այս կապակցությամբ դատողություններ անել, սակայն դեռ երկար տարիներ Թրամփի նման մարդու նախագահ դառնալու արմատների ուսումնասիրությունը քննարկման նյութ է մնալու վերլուծաբանների եւ հասարակագիտության մասնագետների համար:

 

ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Թեհրան

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031