Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն «ավելորդ տաշի-տուշի» չի անելու

Դեկտեմբեր 02,2016 23:45

Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի քննարկումը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ այս տարվա բյուջեն  կկազմի 3 միլիարդ 165 միլիոն 500 հազար դրամ,  իսկ պետությունից տրվող դոտացիան 1 միլիարդ  966 միլիոն 760 հազար դրամ է։  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ  թվարկելով կատարելիք աշխատանքները, ասաց, որ խնայողությամբ են ծախսելու  բյուջեի փողերը։

img_4897

«Մենք փորձում ենք մեր բյուջեն էնպես կազմել, որ շատ փոփոխություններ չկատարենք։ Տարվա ընթացքում գիտեք որ տարբեր բաներ են լինում, հիմնականում սպորտի բնագավառում լինում են տարբեր հաղթանակներ, իհարկե ինչքան շատ չեմպիոններ ունենաք, այնքան լավ։ Մենք լուրջ գումարներ ենք ծախսում, օրինակ՝ այս տարի ունեցանք Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ ունեցանք, աշխարհի չեմպիոններ, թող նրանք լինեն չեմպիոններ, մենք կարողանանք գումարներ ճարել,  խրախուսել մեր մարզիկներին, ինչու չէ նաև մեր մարզիչներին, որպեսզի ավելի լավ աշխատեն։

Աստված ոչ անի, որ պատերազմական վիճակ լինի, գիտեք որ ապրիլյան պատերազմի ընթացքում նույնպես աննախատեսելի ծախսեր եղան, որը մենք կատարեցինք 2016 թվականի բյուջեով։ Մենք նաև ծախսեր կատարեցինք Հռոմի պապի այցի հետ կապված, գիտեք,  որ լուրջ գումար ենք ծախսել եկեղեցու այս հատվածը վերականգնելու համար (խոսքը Ամենափրկիչ եկեղեցու մասին է), դա չնախատեսված ծախս էր, պլանավորած չէր , բայց մենք արեցինք և շատ գեղեցիկ ստացվեց»,- ասաց Գյումրու քաղաքապետը։

Սամվել Բալասանյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ ավելորդ ծախսեր չեն անելու։ «Ավելորդ տաշի-տուշիներ չենք անելու, բայց միջոցառումները պարտադիր են, որպեսզի մեր երիտասարդը ուրախանա, մեր փոքրիկը ուրախանա, և նաև, ինչու չէ, մենք էլ լավ զգանք, որ ունենք գեղեցիկ, լավ զարդարված քաղաք Նոր Տարուն ընդառաջ, անելու ենք ամեն ինչ, որ միջավայր ստանանք մեր բնակիչների համար»։

Քաղաքապետն ասաց, որ որքան էլ սուղ լինեն բյուջեի միջոցները սոցիալական օգնություններն ու ծրագրերը շարունակելու են, բաղնիքի ծրագիրը ևս չեն դադարեցնելու։ Հիշեցենք, որ մեծ աղմուկ կա այս բաղնիքի հետ կապված․ բանն այն է, որ թեև  բաղնիքի եւ վարսահարդարման ծառայություններ մատուցող «Պլատֆորմ» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության պետական էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանի անունով, սակայն ողջ քաղաքը գիտի, որ նա չէ իրական տերը։ Կան տեղեկություններ, որ իրական տերերը Բալասանյանի քրոջ՝ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի ընտանիքի անդամներն են։  Գյումրու բյուջեից պատվերները ուղղվում են հենց այդ ՍՊԸ-ին։ Իհարկե, տնակներում ապրող, կոմունալ հարմարություններից զուրկ մարդկանց բաղնիքի կտրոններ տալը ինքնին հրաշալի գաղափար է, կարելի է ասել փրկություն այս մարդկանց համար, սակայն այստեղ խոսքն  այդ գաղափարը ոչ ազնիվ եղանակով իրականացնելու մասին է։ Ստացվում է, որ Գյումրու բյուջեի գումարները ուղղորդվում են քաղաքապետի հարազատների բիզնեսը ծաղկեցնելուն․գումարը մի գրպանից հանում ու մյուսն են դնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031