Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ով է պատասխանատվության ենթարկվելու ապօրինության համար, կարող է որոշել ՀՀ վարչապետը

Դեկտեմբեր 02,2016 23:07

2016 թ. նոյեմբերի 8-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը տեղեկության հարցում էր հղել ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանին, կամենալով իմանալ, թե որտեղ եւ ինչ վիճակում են այն 63 հուշարձանները, որոնք 2012 թվականին կառավարության որոշմամբ «Քարերը ժողովելու ժամանակը» ծրագրի շրջանակներում («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, 2012թ. սեպտեմբերի 13, N1169-Ա) Հայաստանի մարզերից տեղահանվեցին եւ տեղափոխվեցին Երեւան՝ քառամյա ցուցահանդեսի:

Նոյեմբերի 28-ին ստացվել է նախարարի պատասխանը (պատասխանել է տեղակալ Ա.Սամուելյանը – 03/1.1/5933-16, 24.11.2016), որում մասնավորաբար ասվում է, թե նախատեսված 63 հուշարձաններից Երեւան են տարվել միայն 51-ը, մյուսները չեն տեղափոխվել տարբեր պատճառներով: «Հուշարձանների տեղափոխումը (ի նկատի ունի վերադարձը.-ԺԱԱ) սկսվել է սույն թվականի սեպտեմբեր ամսից: Առ այսօր հետ է տարվել 12 հուշարձան, եւ տեղադրվել են ոչ իրենց «սկզբնային դիրքով», ոչ էլ մանավանդ «սկզբնային տեսքով», այլ մաքրված, ամրակայված, վերականգնված եւ հատուկ պատրաստված պատվանդանների վրա: Իսկ մինչեւ նոյեմբերի վերջը կտեղափոխվեն եւս 6-ը: …»: Երեւան տարված մյուս 33 հուշարձանների վերադարձման ժամկետների մասին նախարարը որեւէ տեղեկություն չի հաղորդում: Հուշարձանների տեղահանման, տեղափոխման, վերադարձման, ամրակայման, վերականգնման ծախսերի մասին հարցերին պատասխանելով, նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքներն իրականացրել են Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի աշխատակիցները, թանգարանի արտաբյուջետային միջոցներով:

Այսպիսով` ՀՀ մշակույթի նախարարի պատասխանից ակնհայտ է դառնում, որ խախտվել է ՀՀ կառավարության N1169-Ա որոշման 1-ին կետի պահանջը, ըստ որի բոլոր տեղահանված հուշարձանները պիտի վերադարձվեին իրենց գտնվելու վայրերը 2016 թվականի սեպտեմբերին: Թե ով է պատասխանատվության ենթարկվելու այս ապօրինության համար, կարող է որոշել ՀՀ վարչապետը: 

ԺԱԱ խորհրդի նախագահը կատարված աշխատանքների ֆինանսական մասի վերաբերյալ դեկտեմբերի 1-ին հարցում է հղել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031