ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին Կոնգրեսի բանաձեւը: «Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործառույթ անվանումը կրող բանաձեւը, որն անցավ ձայների 99-Օ հարաբերությամբ, վերջնական հաստատման համար ուղարկվել է Սպիտակ տուն:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ գործելիս` պիտի ունենա համապատասխան լծակներ: Այս մասին հայտարարել է Սենատի հանրապետական ղեկավար Միթչ ՄաքՔոնելը:
Նրա խոսքերով, «պատժամիջոցները վճռական դեր ունեն, քանի որ այս երկիրը շարունակում է Մերձավոր Արեւելքում իր ազդեցությունն ընդարձակելու ջանքերը»:
Ամերիկան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սկսել է երկու տասնամյակ առաջ` Թեհրանին մեղադրելով միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Պատժամիջոցները մասնակիորեն մեղմացվեցին` Իրանի հետ անցյալ տարի միջուկային գործարք կնքվելուց հետո: Սակայն, ինչպես դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն է ասում, պատժամիջոցները միշտ էլ հարկավոր է պահել պատրաստ վիճակում:
Կարդացեք նաև
Իրանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե պատժամիջոցներն ուժի մեջ պահելու հանգամանքը ոտնահարում է միջուկային հարցերով կնքված գործարքի պայմանները ու կարող է ունենալ իր հետեւանքները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: