«Քաղաքացիական պայմանագրի և «Լուսավոր Հայաստանի» միջև երբևէ տարաձայնություններ չեն եղել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Նրա հավաստմամբ` պարզապես Նիկոլ Փաշինյանը վստահություն չի ունեցել Էդմոն Մարուքյանի նկատմամբ. «Մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Նա ասել է, որ Էդմոն Մարուքյանի հանդեպ չունի վստահություն, քանի որ նա կողմ է քվեարկել կառավարության ծրագրին»:
Մինչդեռ այժմ փոխվել է «Քաղաքացիական պայմանագրի» տրամադրվածությունը «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ. «Վանաձորում «Լուսավոր Հայաստանն» այսօր արդեն ցույց է տալիս, որ ինքը սկզբունքային է և մինչև այսօր վանաձորյան քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, բայց չի կարողանում կառավարել քաղաքը»:
Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, թե իրենք երբեք չեն ցանկացել լինել միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ողջունում է այն քայլը, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, թե «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
Կարդացեք նաև
Հարցին` իշխանության մոտ խանդ չկա՞, որ ընդդիմադիր դաշտը միավորվում է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Իշխանության մոտ խանդ չկա: Ես տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ կուսակցություններ, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալը մեր պետության մեջ անհասկանալի է: Մենք շատ ուրախ ենք նրանց միավորման համար, սակայն ուզում ենք, որ դրանք հարատև լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռացվեն: Դրանով ժողովուրդն էլ հեշտ կկողմնորոշվի, թե քաղաքական որ ուժի հետևից է գնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ