Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը մերժեց Սամվել Բալասանյանի օբյեկտ այցելելու առաջարկը

Դեկտեմբեր 02,2016 19:22

Ինչպես տեղեկացել ենք, այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ՀՀ մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանի հետ համատեղ խոսեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ժամանակավորապես Գյումրու դրամատիկական թատրոն տեղափոխելու մասին։

Որմնանկարի վերականգման պատմությունը ներկայացնելուց հետո Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, որը նստած էր մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողքին, դեսպանին առաջարկեց ժամանակ գտնել ու այցելել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոց։

Հիշեցնենք, որ «Սև Բերդ» ամրոցը պատկանում է Սամվել Բալասանյանի ընտանիքին, այն սեփականաշնորհելուց հետո Գյումրու քաղաքապետը դարձրել է ռեստորանահյուրանոցային համալիր, ինչպես նաև այնտեղ կառուցել է ամֆիթատրոն հիշեցնող  համերգասրահ։ Վերջին շրջանում բոլոր կարևոր մշակութային միջոցառումները տեղի են ունենում այն համերգասրահում, այնտեղ անգամ կինոներ են նկարահանվում, պատրաստվում են  նաև թատրոնի որոշ ներկայացումներ ցուցադրել այնտեղ։

Հետաքրքիրն այն է, որ Սամվել Բալասանյանն իր բերանով չհրավիրեց դեսպանին, նրա փոխարեն առաջարկեց Հասմիկ Կիրակոսյանը։ Ի պատասխան տիկնոջ առաջարկի՝ ամերիկացի դիվանագետը շատ տակտով մերժեց՝ նշելով, որ Գյումրին բազմաթիվ տեսարժան վայրեր ունի, ինքն  արդեն եղել է Ձիթղցոնց տուն-թանգարանում, չի հասցնի այցելել «Սև Բերդ», խոստացավ դա անել մի ուրիշ անգամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031