1960թ. հոկտեմբերյան մի օր Լոնդոնում՝ Դարթֆորդի հարթակում գնացքի սպասելիս երկար տարիների ընդմիջումից հետո հանդիպեցին երկու երիտասարդ, որոնք միմյանց մանկությունից էին ճանաչում:
Նրանցից մեկի անունը Քիթ էր, մյուսինը՝ Միք: Վերջինս ձեռքին բռնել էր բլյուզ սկավառակների մի տուփ, որը հատուկ էր բերել Չիկագոյից, քանի որ Անգլիայում հնարավոր չէր դրանք գնել: Քիթ Ռիչարդսի վրա այդ փաստը մեծ տպավորություն է թողնում: Ավելի ուշ նա այդ օրվա մասին պատմել է. «Վագոնում նստած՝ մենք կարծես թե գործարք կնքեցինք՝ ինքներս էլ չկասկածելով դրա մասին, ինչպես Ռոբերտ Ջոնսոնը խաչմերուկում: Մեր միջև անտեսանելի կապ առաջացավ»:
Այդ միջադեպից շուրջ կես դար անց, աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ The Rolling Stones-ը, որն առաջացել է բլյուզի նկատմամբ սիրուց և իր կարիերան սկսել է բլուզի փորձերով, թողարկել է նոր ստուդիական ալբոմ՝ բաղկացած բացառապես 50-60-ականների բլյուզ ստեղծագործություններից:
Այսպես, 11 տարվա ընդմիջումից հետո խումբը Արևմտյան Լոնդոնում ստուդիա է վարձում, որն, ի դեպ, պատկանում է Մարկ Նոփֆլերին, և երեք օրում՝ մեկ շնչով ձայնագրում 12 ստեղծագործություն: Նրանք նվագում են իրենց կուռքերի՝ Ռիմի Ռիդի, Հաուլին Վուլֆի, Լիթթլ Ուոլթերի և այլ բլյուզմենների ստեղծագործություններ, իսկ երկու ստեղծագործություններում (Օթիս Ռաշի I Can Quit You Baby և Լիթթլ Ջոննի Թեյլորի Everybody Knows About My Good Thing) նրանց օգնում է սպիտակ բլյուզի արքա Էրիկ Քլեփթոնը, որը նույն ստուդիայի հարևան սրահում այդ ժամանակ աշխատում էր սեփական սկավառակի վրա:
««Blue & Lonesome-ն ամփոփում է այն ամենը, ինչ մենք ցանկանում էինք անել, և վերջապես, ավելի քան 50 տարի անց, մենք բլյուզ-ալբոմ թողարկեցինք,- The Sun-ի հետ զրույցում ասել է խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը:
– Միակ բանը, որ ուզում էի ասել՝ «Ես դա արեցի»: Blue & Lonesome-ով իմ երազանքը վերջապես իրականացավ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ