Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը  ներկայացրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը

Դեկտեմբեր 02,2016 18:43

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է: Ընդգծելով, որ գործող օրենքի փոփոխությունը հասունացած էր, Լևոն Մկրտչյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտի որակի բարելավման և զարգացման ներկա ակնկալինքները հնարավոր չէ իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների. «Նախարարությունը բավական երկար է աշխատել այս նախագծի փոփոխության վրա. շուրջ 2-3 տարի օրենքը մշակման փուլում է գտնվում, նախագծի վրա աշխատել են մի քանի միջազգային փորձագետներ:

Նախագիծը կարծիքների է ուղարկվել նաև ՀՀ բուհեր և մոտ 2-3 ամիս ստացել ենք տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել լրամշակման ժամանակ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարության հաստատմանը ներկայացնելուց և ԱԺ ուղարկելուց հետո նախագիծը կանցնի քննարկումների և լսումների մանրակրկիտ փուլ և մենք կունենանք ոլորտը կարգավորող լավ օրենք: «Առաջարկվող «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքով փորձում ենք հնարավորինս բեռնաթափել կրթության և գիտության նախարարության դերակատարությունը և ունենալ առավել ազատ համալսարաններ և ինքնուրույն բուհական համակարգ:

Մենք գտնում ենք, որ պետք է պայմաններ ստեղծել համալսարանների համար, որպեսզի նրանք ունենան ժողովրդավարական կառավարման ներքին համակարգ: Այս իմաստով օրինագծով մի քանի լուրջ փոփոխություններ են առաջարկվում. տարանջատվում են 2 կարևոր հասկացություններ՝ պրոֆեսիոնալ կառավարիչ ի դեմս ռեկտորի և Գիտխորհրդի դերակատարման մեծացում, որը պատասխանատու է բուհի ակադեմիական վիճակի համար: «Այսօր մենք ունենք մի մոտեցում, երբ ռեկտորը պետք է լինի և՛ լավ գիտնական՝ առնվազան գիտությունների դոկտորի կոչումով, և՛ լավ կառավարիչ, ինչը այնքան էլ արդյունավետ մոդել չէ: Տարանջատելով տնտեսական և ֆինանսական կառավարման հարցերը ակադեմիական խնդիրներից՝ փորձում ենք բարձրացնել նաև ամբիոնների դերակատարումը»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ օրինագիծը ճանապարհ է բացում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ստեղծման համար, որը ՀՀ կառավարության նոր ծրագրի դրույթներից է:

Օրինագծով առաջարկվող հաջորդ կարևոր կարգավորումը կրեդիտային լիարժեք համակարգի ներմուծումն է: Ըստ նախարարի` օրենքի ընդունմամբ, ուսանողը կարող է կրեդիտներ հավաքել հանրապետությունում գործող տարբեր համալսարաններում, որը կապահովի շարժունությունը տեղական բուհերի միջև. «Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ մեր ուսանողների ազատ տեղաշարժի և տարբեր ուսումնական հաստատություններում կրեդիտներ հավաքելու հնարավորությունն ավելի հեշտությամբ իրականցվում են միջազգային ծրագրերով /Էրազմուս+, Տեմպուս/, քան թե երկրի ներսում և տեղական բուհերում: Մեր բուհական համակարգում առկա կրեդիտների տարբերությունները հնարավորություն չեն տալիս, որպեսզի ուսանողը կարողանա ազատորեն օգտագործել երկրում առկա պոտենցիալը: Օրինակ, եթե որևէ բուհ ունի թանկարժեք սարքավորում, դա պետք է բաց և հասանելի լինի ոչ միայն այդ բուհում սովորող, այլ ցանկացած ուսանողի համար:

Մենք փոքր երկիր ենք և իմաստ չունի, որ նույն սարքավորումները փորձեն ձեռք բերել բոլոր բուհերը: Մեր ընդհանուր պահանջարկը կարող է բավարարվել նաև մեկով, մի քանի նույնատիպ հզոր տեխնիկական լաբորատորիաներ ունենալու ռեսուրս չունենք: Բայց մեր բուհերն այսօր այդ իմաստով փակ են և չեն բացում իրենց տեխնիկական հնարավորությունները: Բուհերը պետք է ընդգրկվեն ցանցային համալսարանների ձևաչափի մեջ, որպեսզի ուսանողը հնարավորություն ունենա, մասնագիտությանն անհրաժեշտ  պարտադիր կրեդիտներից որոշակի ծավալը հավաքել իր բուհում, մնացածը Հայաստանի այլ բուհերից: Կրեդիտն ստանալուց հետո ուսանողը դրանք կարող է ներկայացնել՝ իր ավարտական վկայականում ներառելու համար»:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ընդունելության ներկա համակարգում ամրագրված առաջին հայտի գերակայության իրավունքը հաճախ առաջացնում է բուհերի դժգոհությունը: Այդ գերակայությունն առաջիկա մեկ-երկու տարիներին դեռ կպահպանվի, սակայն օրենքը հնարավորություն է տալիս ավելի ճկուն դարձնել ընդունելության համակարգը` փոփոխելով ինչպես առաջին հայտի գերակայության սկզբունքը, այնպես էլ ընդլայնելով ընդունելության քննությունների հարցազրույցների համակարգը:

Նոր մետեցում է առաջարկվում նաև բուհերի  պետական ավարտական քնությունների համակարգում: Ըստ նոր օրինագծի՝ համալսարաններում պետք է բացառել քննությունների վերահանձնումը, ըստ այդմ՝ օրենքը տալիս է հնարավորություն պետական քննությունների ձևաչափը փոխել. «Ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում պետական քննությունները, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, վերանան: Եթե կրեդիտային համակարգն է աշխատում, և ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտական քննությունը թեզի կամ դիպլոմայինի ձևաչափի մեջ լինի: Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհն այն է, որ կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանվեն: Բուհերն իրենք պետք է ավարտական համակարգի իրենց մոդելն առաջարկեն, բայց չլինի այնպես` նույն առարկայից, որ 4 տարի սովորում է ուսանողը, մի հատ էլ պետական քննություն հանձնի, ի՞նչ է դա տալու ուսանողին»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով այս տարվա պետական քննությունների առնչությամբ ԿԳՆ-ի ստացած մի քանի բողոքների պատմությունները, որոնք նաև հանրային արձագանք էին ստացել:

«Ի վերջո, եթե 4 տարի բուհում նույն առարկան սովորելուց հետո ուսանողը պետական քննությունից անբավարար է ստանում, նշանակում է այստեղ խնդիր կա. կամ 4 տարվա ուսումն է եղել ոչ բավարար որակի, կամ էլ պետական քննությունն է ոչ օբյեկտիվ եղել»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ պետությունն, ի դեմս նախարարության այսօր իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ ձևավորելով պետական քննական հանձնաժողով, որի որակը դժվար է երաշխավորել:

Օրինագծով` առաջարկվում է վերանայել համալսարանների ֆինանսավորման եղանակները, որը նախարար Մկրտչյանի խոսքով շատ կարևոր է. «Հայաստանյան համալսարանները ունեն ֆինանսական երկու հիմնական աղբյուր` 20 տոկոս պետական բյուջեից, 80 տոկոս` ուսանողների վարձավճարից: Սակայն եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք`  համալսարանական բյուջեների մեջ ուսման վարձերի մասնաբաժինը առավելագույնը 30 տոկոսն է կազմում, մնացածը համալսարանն ստանում է կամ իր գործունեության և մատուցած ծառայությունների շնորհիվ կամ տարբեր նվիրատվություններից:  Այժմ մենք փորձում ենք ներդնել անձեռնամխելի ֆոնդեր, որի միջոցները սկզբում կարող են շատ քիչ լինել, սակայն հետագայում կաճեն և հնարավորություն կստեղծեն բուհերի զարգացման համար: Այստեղ շատ կարևոր է  բուհերի բյուջեների թափանցիկությունը»:

Լևոն Մկրտչյանի խոսքով` փորձ է արվել հիմնովին վերանայել նաև կառավարման համակարգը և այդ համատեքստում ամրագրվել է պահանջ՝ նոր օրենքով համալսարանների կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկվել պետական և քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք. «Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ  խորհուրդներում ընդգրկված անձինք չեն կարող ունենալ կուսակցական պատկանելիություն: «Մարդու անհատական իրավունքն է լինել կուսակցական և քաղաքական ակտիվություն դրսևորել: Այսինքն` եթե խոսում ենք համալսարանական դաշտի մասին, ո՞վ պետք է լինի գաղափարական ուղղության կրողը, եթե ոչ` ուսանողը: Իսկ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա իր քաղաքականությունն ազատ իրականացնել»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս պահանջը չի նշանակում, որ համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում:  Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ խրախուսվում է մասնավոր հատվածի և խոշոր գործատուների ներգրավվածությունը բուհերի կառավարման խորհուրդներում:

Խստացվել են նաև բովանդակային պահանջները՝ համալսարան կարող է կոչվել միայն այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է կրթական ծրագրեր առնվազն 4 ուղղությամբ. «Օրենքը լավ հիմքեր է ստեղծում համալսարանների խոշորացման համար: Մենք պետք է հասկանանք, որ 300-400 ուսանող   ունեցող բուհը չի կարող որակյալ համալսարանական կրթություն ապահովել: Միջազգային պրակտիկայում նման բան ուղղակի չկա: Նման հաստատությունը չի կարող որակ ապահովել: Մենք պետք է փորձենք վերջ դնել համալսարանների այսօրվա շքերթին»:

Ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև օրենքի պարզաբանմանն առնչվող տարբեր հարցերի, որոնք վերաբերել են վարչական պաշտոններում 70 տարեկանից հետո աշխատելու սահմանափակմանը, ուսման վարձավճարների փոփոխություններին, ինչպես նաև ավագ դպրոցների խնդիրներին ու «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին:

ՀՀ ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031