Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները: Լյուսի, Գեւորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան. հենց նրանց շարքում է այն հաջողակ արտիստը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող եք հետեւել վաղը՝ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
Ժյուրիի անդամներ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Եսայի Ալթունյանի եւ Անուշ Արշակյանի խմբերում մնացել են վերջին 2 մասնակիցները եւ վաղվա թողարկման ընթացքում կընտրվեն այն եզակիները, որոնք կշարունակեն պայքարն արդեն կիսաեզրափակիչ փուլերում:
Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին