Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաժողովը քննարկում է մարզաբնակ երիտասարդների խնդիրները

Դեկտեմբեր 02,2016 18:05

Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «Հայ մարզային երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Երիտասարդները՝ հանուն մարզերի» երկօրյա աշխատաժողովը, որի հիմնական նպատակն է մարզաբնակ երիտասարդներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման ուղիների վերհանումը հենց երիտասարդների միջոցով։ Աշխատաժողովի մասնակիցները ներկայացնում են ՀՀ մարզերը։

«Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Սաթե Ավետիսյանը նկատում է, որ ծրագրի շրջանակներում համագործակցում են Երևանի երիտասարդ վերլուծաբանների կենտրոնի հետ, ում օգնությամբ էլ վեր հանված խնդիրները և առաջադրված լուծումները կամբողջացվեն, կվերլուծվեն։ Դրանք հետագայում կներկայացվեն համապատասխան պետական գերատեսչություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին։

Իսկ խնդիրները երիտասարդության շրջանում շատ են։ Սաթե Ավետիսյանը նշում է, որ իրենց ՀԿ-ի աշխատանքային խումբը, պատրաստվելով աշխատաժողովին, տարբեր հարցումներ, հետազոտություններ է իրականացրել, և դրանք ցույց են տվել, որ մարզերում երիտասարդները հմնականում ունեն կրթության, ժամանցի, զբաղվածության խնդիրներ, որոնք դառնում են արտագաղթի պատճառ։ Սաթե Ավետիսյանը նկատում է նաև, որ մարզաբնակ երիտասարդության շրջանում առկա է նաև բարբառների խնդիրը։ Նրանք բարդույթավորվում են հատկապես մայրաքաղաքում ուսումնառության ընթացքում խոսել իրենց բարբառով։ «Մեր նպատակներից է՝ այդ կոմպլեքսներից ազատվելու համար տարբեր ծրագրերի, խաղերի միջոցով սերմանել այն գաղափարը, որ բարբառով խոսելն առավելություն է»։

Ամալյա Մնացականյանը Լոռու մարզից է, ներկայացնում է «Լոռու երիտասարդների զարգացման» հասարակական կազմակերպությունը։ Նա Լոռու մարզի խնդիրներից առանձնացնում է ժամանցային վայրերի բացակայությունը, երիտասարդների զարգացմանը խթանող դասընթացների պակասը։ Նա ընդգծում է, որ Երևանում ուսում ստացող երիտասարդները, որպես կանոն, նախընտրում են կրթությունն ավարտելուց հետո մնալ մայրաքաղաքում, հիմնավորվել այնտեղ և ոչ թե վերադառնալ ծննդավայր։ Ներքին միգրացիան դեպի Երևան, չի նպաստում մարզերի զարգացմանը։ Ուստի պետք է ծրագրեր արվեն երիտասարդներին մարզում պահելու համար։

Նշենք, որ «Երիտասարդները՝ հանուն մարզերի» աշխատաժողովն անցկացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031