ՀԲՖ համագումարից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե պատրաստվում են սերտացնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ աշխատանքը՝ նշելով նաեւ, որ բոլոր մարզիչները բողոքում են՝ ակումբներից եկած բռնցքամարտիկների որակը չի համապատասխանում, տարեցտարի պակասում է Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը:
Aravot.am-ը լսեց նաեւ նախարարության մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյանի կարծիքը: «Սկսեմ նրանից, որ նախարարությունն իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների սահմանում բնականոն աշխատում է եւ պատրաստակամ է ցանկացած համագործակցության, առավել եւս՝ էլ ավելի սերտացման, լսել ու քննարկել ամեն մի առաջարկ, որը կնպաստի սպորտի եւ առողջ ապրելակերպի տարածմանը, մարզական արդյունքների բարձրացմանը: Սակայն հարցն այն է, թե ինչպես պետք է դա անել եւ իրավական ինչ լծակներով: Նախարարությունն է մշակում սպորտի ընդհանուր քաղաքականությունը հանրապետությունում, բայց ամեն ինչ չէ, որ գտնվում է նախարարության իրավասությունների շրջանակներում:
Նոր կառավարությունը նաեւ այդ իրավահարաբերությունները կարգավորելու ուղղությամբ է աշխատում: Ու դրա համար որոշակի ժամանակ է պետք: Ինչ վերաբերում է ակումբներին, այսօր պետք է հասկանալ, որ նախարարության ենթակայությամբ որևէ ակումբ չկա և մենք նրանց գործունեությանը միջամտելու իրավունք չունենք: Նույնն է նաեւ մարզական-հասարակական կազմակերպությունների պարագայում: Տեղյակ եմ տարբեր հարցազրույցներում Արթուր Գեւորգյանի արտահայտած մտահոգություններին ու առաջարկներին, որոնցից շատերին համամիտ եմ:
Օրինակ, մարզադպրոցների տնօրեններ եւ մարզիչներ նշանակելիս նաեւ ֆեդերացիայի կարծիքը հաշվի առնելը: Եվ ոչ միայն բռնցքամարտում: Դրա տակ անձամբ ես միայն օգտակարություն եմ տեսնում, եթե իհարկե, ամեն ինչ ճիշտ կատարվի: Իսկ որ մանկապատանեկան բռնցքամարտում վիճակը բարվոք չէ, որ Հայաստանի առաջնություններում մասնակիցների քանակը տարեցտարի նվազում է, պարոն Գեւորգյանն էլ տվել է դրա պատասխանը. «Մեր մարզիչներն ամենագետ են, ոչ ոք քննադատաբար չի մոտենում իր անձին: Դրա համար էլ չենք զարգանում»: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ առաջին հերթին ֆեդերացիան, պետք է զբաղվի իր մարզիչների գիտելիքները եւ որակավորումը բարձրացնելով:
Կարդացեք նաև
Դա նաեւ մարզական ընկերությունների, ՏԻՄ-երի և ակումբների խնդիրն է՝ յուրաքանչյուրին վերապահված իրավասությունների սահմաններում ու շրջանակներում: Ի դեպ, ասածս վերաբերում է բոլոր մարզաձեւերին: Իսկ խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում կարգավորելու ուղիներ գտնելու նպատակով նախարարությունը, կրկնում եմ, պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ռացիոնալ առաջարկություն», – ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ