Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով կալանավորված Ալբերտ Ավագյանի, Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի եւ Արման Մխիթարյանի գործերի քննությունը:
Դատական նիստի ընթացքում բոլոր չորս ամբաստանյալները հայտարարեցին, որ կողմ են արագացված դատական կարգ կիրառել: Մեղադրող Հայկ Պետրոսյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունները: Հայկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել քար, մետաղյա ձողին նմանվող իր եւ փայտե կտորներ:
Արման Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` քարեր է նետել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա:
Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
Կարդացեք նաև
Ալբերտ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքերով եւ ձեռքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ապա քաշել եւ փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահանը:
Ամբաստանյալները իրենց մեղավոր ճանաչեցին, ընդունեցին առաջադրված մեղադրանքը: Մեղադրող Հայկ Պետրոսյանը ժամանակ խնդրեց արագացված դատական կարգ կիրառելու վերաբերյալ իր դիրքորոշումը փոփոխելու վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ