Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ դեսպանը կոչ է անում որոշումները ոչ թե «փաթաթել» քաղաքացիների վզին, այլ` նրանց հետ քննարկել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2016 15:42

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ուսումնասիրել է Ամուլսարի շահագործման թույլտվության տրամադրման կարգը եւ պարզել, որ այդտեղ խախտումներ չկան:

Մինչդեռ «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը պնդում է, որ Ամուլսարի մասով տրված փորձաքննության եզրակացությունները հակասում են օրենքին:

orhus-1

Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ օրենքը համապատասխանեցնել բիզնես շահին եւ ոչ թե հակառակը, երբ ամեն գնով հանքը շահագործելու համար որոշում է կայացվում «Կարմիր գրքում» գրանցված բուսատեսակները, կենդանատեսակները տարածքից հեռացնել, տիկին Վարդանյանը պատասխանեց. «Բուսական աշխարհի մասին օրենքն առաջինն ասում է, որ պահպանության ենթակա է ամբողջ բուսական աշխարհը` անկախ նրանից` «Կարմիր գրքում» է թե` ոչ, եւ այդ բուսականությունը, որը կար Ամուլսարում, պահպանության ենթակա է համաձայն այդ օրենքի: Նույն ընդերքի մասին օրենքում գրված է, որ որտեղ կան «Կարմիր գրքում» գտնվող բույսեր, այդտեղ չի կարելի հանքարդյունահանում իրականացնել»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր Արծվիկ Մինասյանը եւ բնապահպանական ուղղվածությամբ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներ, մասնակցեցին «Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլումն ազգային օրենսդրությունում, Շրջակա միջավայրի հարցերով արդարադատության մատչելիություն» թեմայով աշխատաժողովին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը կառավարությանը կոչ արեց, այնպիսի որոշումներ ընդունել, որոնք միայն չբխեն զուտ տնտեսական շահերից եւ դրանցում հաշվի առնվեն նաեւ հասարակական շահը, այսինքն, ըստ նրա, որոշումները պարզապես «չփաթաթվեն» քաղաքացիների վզին եւ դրանք ընդունելուց առաջ հասանելի լինեն նաեւ հանրության համար. «Որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա հստակ պատկերացում կազմել, թե այս կամ այն որոշումն ինչ հետեւանքներ է ունենալու տնտեսության զարգացման վրա եւ ոչ թե միայն քննադատեն: Մարդկանց համար պետք է հասանելի լինի այդ տեղեկատվությունը եւ եթե երկխոսությունը վերջանա, իմանան, բնապահպանական արդարադատության նպատակով ուր դիմեն»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, Օրհուսի կոնվենցիան ամենակարեւորն է Հայաստանի վավերացրած կոնվենցիաներից: Նրա խոսքերով, Հայաստանում բնապահպանական խնդիրներով զբաղվող ակտիվ հանրություն կա, սակայն արդարադատության մատչելիության բացակայության պատճառով նրանք չեն կարողանում լրջորեն ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա:
Տիկին Դանիելյանի խոսքերով, մեր օրենսդրությունն այնպիսին է, որ հասարակական կազմակերպությունները դատարան չեն գնում, քանի որ ճանաչվում են ոչ պատշաճ հայցվոր. «Այսինքն` մենք պետք է, անպայման, այդ տարածքում գտնենք ինչ-որ մի անձ, որի իրավունքները խախտվում են կամ կարող են խախտվել, եւ նա պետք է դիմի դատարան եւ մենք նրա հետեւում կանգնենք»:

Կարինե Դանիելյանի մեկնաբանությունը` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031