ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց 2016թ. դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայացած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի մասնակիցներին՝ Գորիսի հետ քույրացած Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետի կրթության հարցերով տեղակալ Լևոն Սաքունցին, միջազգային հարաբերությունների պատասխանատու Ելենա Էյշենին, Վարդենիսի հետ քույրացած Ռոման քաղաքի քաղաքապետի կորության, երիտասարդության հարցերով տեղակալ Առնո Էդվիգին, ներքին զարգացման գծով պատասխանատու Ֆրեդերիկ Դեհեին, Իսլեր դեպարտամենտի մշակութային ժառանգության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոին և միջազգային հարցերով համագործակցության պատասխանատու Մաթիլդ Լեստրաին,:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, որոնց շարքում առանձնակի տեղ են գրավում Հայաստանի համաչափ զարգացմանը միտված Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովները և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերը:
Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ ձեզ ողջունել Սփյուռքի նախարարությունում: Ակնհայտ է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ են, և դրանց զարգացման գործում բացառիկ դերակատարություն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը: Նրանք մեկ դար շարունակ ակտիվորեն մասնակցում են ձեր երկրի տնտեսական, գիտական, մշակութային, կրթական, առողջապահական ոլորտների զարգացմանը: Կարծում եմ՝ մեր հայրենակիցները Ֆրանսիայի լավագույն քաղաքացիներից են, ովքեր հպարտանում են իրենց և՛ ֆրանսիացի, և՛ հայ լինելով, երևույթը լավագույնս բանաձևել է մեծանուն շանսոնիեն՝ Շարլ Ազնավուրը. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ»: Աշխատելով կազմակերպված, ակտիվ Ֆրանսիայի հայ համայնքի հետ՝ ես զգում եմ Հայրենիքի հանդեպ նրանց սրտացավությունը, Հայաստանը Ֆրանսիայում պատշաճ ներկայացնելու և Ֆրանսիան Հայաստանում հրաշալի ներկայացնելու նրանց ջանքերը ու նախաձեռնությունները և հպարտանում եմ: Չեմ կարող իմ երախտիքը չարտահայտել Ֆրանսիայի պետությանն ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արցախի անկախության ճանաչման, Հայաստանի զարգացմանն աջակցելու համար: Ուրախ եմ, որ հայերը ակտիվ են նաև տեղական իշխանությունների ոլորտում, և դրա վառ օրինակը այստեղ է՝ Վիենի քաղաքապետի տեղակալ Լևոն Սաքունցը»: Նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում իրականացվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու մարտահրավերները, կապն ու համագործակցությունը Ֆրանսիայի հայ համայնքի հետ:
Ողջունելով Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքների քույրացման ծրագրի ընդլայնումը, Սփյուռքի նախարարը նշեց այն ոլորտները՝ (բարձր տեխնոլոգիաներ, տուրիզմ, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, մշակույթ) որոնց զարգացմանը կարող է նպաստել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հարթակը:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատրիկ Կուրտոն նշեց, որ հայերը ինչպես Ֆրանսիայի մյուս հատվածներում, այնպես էլ Վիենում, Գրենոբլում, Ռոմանում և Իսլեր Դեպարտամենտի մյուս մասերում աշխատասեր են, արարող և մեծապես նպաստել են մարզի զարգացմանը: Համայնքը համախմբված է: Տեղական իշխանությունները աջակցում են նրանց ազգային ինքնության պահպանման գործում: Պատահական չէ, որ Վիենի հրապարակներից մեկը կոչվում է ֆրանսահայ բանաստեղծ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դիմադրողական շարժման մասնակից՝ ֆրանսիայի համար իր կյանքը զոհաբերած Միսաք Մանուշյանի անունով՝ ի հիշատակ նաև զոհված բազմաթիվ հայերի:
Պատրիկ Կուրտոն անդրադարձավ ֆրանսիական և հայկական քաղաքների համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներին, նշեց, որ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը ներառում է շուրջ երեք տասնյակ ծրագիր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների և շրջանների միջև, որն իր քանակով, ծավալներով ու քաղաքական նշանակությամբ եզակի է։
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը համակարգելու նպատակով դեռևս 2010 թվականին Հայաստանի համայնքների միության շրջանակներում ձևավորվել է «Ֆրանսիա» խումբը, իսկ Ֆրանսիայի քաղաքների միության շրջանակներում՝ «Հայաստան» խումբը։ Խմբերը ներառում են համագործակցող քաղաքներն ու շրջանները և կոչված են՝ համախմբելու ապակենտրոնացված համագործակցությունը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում։ «Հայաստան» խմբի ղեկավարը Ֆրանսիայում ճանաչված քաղաքական-պետական գործիչ Պատրիկ Դեվեջյանն է, «Ֆրանսիա» խմբի ղեկավարը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Այս անգամ ևս կնքվում են համագործակցության նոր համաձայնագրեր՝ մարզերում արևային մարտկոցների տեղադրման, պոլիկլինիկաների ստեղծման, ֆրանսերենի տարածման և զարգացման և այլ ծրագրերի վերաբերյալ: Պատրիկ Կուրտոն կարևորեց նշված ծրագրերի իրականացման գործում Ֆրանսիայի հայկական համայնքի դերը:
Քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ