«Ռուսաստանի սփյուռքն առանձնահատուկ է»,- դեկտեմբերի 2-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը:
Նա նշեց, որ Հայաստանը Ռուսաստանում ունի 2 տիպի սփյուռք՝ հին սերունդը, որի ներկայացուցիչները ձուլվել են, հայ համայնքից հեռացել են, բայց անկախությունից հետո փորձում են վերագտնել իրենց, կարողանալ Հայաստանի հետ կապերն ամրապնդել: Եվ երկրորդ սփյուռքը ԽՍՀՄ պայմաններում է ձեւավորվել. «Հայերի մյուս տեսակն արդեն չի ուզում գործ ունենալ համայնքի հետ: Նա համայնքից դուրս է, արդեն կարողացել է ապրուստի միջոց հայթայթել, աշխատանք գտնել եւ նրան պետք չէ համայնք մտնել: Պետք է համայնքի ղեկավարը նրա հետ աշխատանք տանի, որ այդ խումբը կարողանա ներգրավել համայնքի աշխատանքներում:
Ինչպես եկեղեցին, այնպես էլ երկօրյա դպրոցների ուսուցիչները շատ տաժանակիր աշխատանք են կատարում այդ առումով, որպեսզի ծնողին համոզեն, որը չի վստահում հայոց դպրոցին: Նրանք շատ շուտ ադապտացվում են այդ երկրին, ընդունում են այդ լեզուն եւ շատ շուտ կարողանում են մերվել նրանց: Սա շատ վտանգավոր է, այս առումով ռուսական սփյուռքը շատ ավելի առանձնահատուկ է, քան եվրոպական կամ ամերիկյան սփյուռքը, ձուլվելու մեծ հավանականություն ունի»:
Թամարա Թովմասյանը նշեց, որ Կրասնոդար կատարած այցելության ընթացքում հանդիպել են հայրենասեր ուսուցիչների. «Նրանք մտնում են տները, խնդրում են, որ երեխաները գան, պայմաններ են ստեղծել: «Արմատ» դպրոցը ուղղակի պետք է տեսնել եւ հասկանալ, թե ինչ է կառուցել եկեղեցին իրենց համար: Հարավային թեմի միջոցներով կառուցված դպրոց է բոլոր հնարավոր պայմաններով: Ընդհուպ այնտեղ գալիս են դասի նաեւ ռուս երեխաները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ