«Անձի նկատմամբ պետության պատասխանատվությունն առաջին տեղում է գտնվում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը, անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը, և տեղեկություններին, թե հայկական կողմը վիրավորներ է ունեցել, հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա վստահեցրեց, որ ՊՆ-ն պարտավոր է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տալ հստակ, օբյեկտիվ տեղեկատվություն. «Առնվազն պետք է հարազատներին իրազեկի նրանց որդիների՝ վիրավորվելու հանգամանքի մասին, քանի որ միշտ էլ կան կասկածներ, որ կարող է մարդու վիրավորվելու, առողջական խնդիրների, մահվան պատճառ դառնա ոչ թե հակառակորդի կրակոցը, այլ կանոնադրական հարաբերությունների խախտումը, այլ անձանց կողմից անձի նկատմամբ ոտնձգությունը. «Ցանկացած հիմնավորում ու ձևակերպում, հղում ծառայողական կամ պաշտպանական գաղտնիքին տեղին չէ, երբ խոսքը վերաբերում է անձի առողջությանը: Անկախ նրանից՝ դուր է գալիս դա պաշտպանական գերատեսչությանը և նախարարի օգնականներին, մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և հետամուտ լինելու: Անձի նկատմամբ պետության պատասխանատվությունն առաջին տեղում է գտնվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի