2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված զինյալ խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Հայր Անտոնն այսօր զինյալ խմբի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Շինծու է, ժամանակը ցույց կտա, ես ոչինչ չեմ ընդունում, ոչինչ չեմ ընդունում»,- լրագրողների հարցին` ընդունում եք ձեր մեղադրանքը, Արթուր Վարդանյանին ֆինանսավորելը, պատասխանեց հայր Անտոն Ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը:
Հարցին` ճանաչում եք Արթուր Վարդանյանին, հայր Անտոնը պատասխանեց. «Անպայման, մեր ռադիոյի մեջ հարցազրույց ունեցավ, երբ Քեսաբը ազատեց: Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետեւ նա Քեսաբն ազատեց»:
Հարցին, թե դուք Արթուր Վարդանյանին 70.000 դոլար տվել եք, կրկնեց. «Արթուրին ճանաչում եմ, որովհետեւ Քեսաբն ազատեց, չեմ ընդունում մեղադրանքը»:
Կարդացեք նաև
Հարցին, իսկ ինչ գումար է վարույթ իրականացնող մարմնի մատնանշած գումարը, հայր Անտոնն ասաց` այդ տեղեկությունը հայտնողին հարցրեք:
«Ինչ ապուշ խոսք»,- պատասխանեց հայր Անտոնը այն հարցին` տեղյա՞կ էր, որ խումբը պատրաստվում էր զինված գործողություններ իրականացնել, շենք-շինություններ գրավել, այդ թվում ԱԺ, Բաղրամյան 26:
Նա մնացած բոլոր հարցերին պատասխանեց. «Ցտեսություն» ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ