Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն, ինչ ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից». Վաղարշակ Հարությունյան

Դեկտեմբեր 02,2016 14:39

Հայ-ռուսական զորամիավորում ստեղծելու պայմանագիրը ՀՀ-ում հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ ՌԴ-ն այսպես ուժեղացնում է իր ազդեցությունը Հայկական բանակի նկատմամբ: Այսօր «Հենարան» ակումբում այդ առնչությամբ հարցին ի պատասխան՝ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Երբ Հայաստանը ստորագրեց ռուսական բազայի պայմանագիրը, ՌԴ-ն ունեցավ այն ազդեցությունը: Մենք դրան համաձայնվել ենք: Եթե ինքը մեզ ապահովում է զենքով, զինամթերքով, ներքին գներով, իսկանդերը… Բնական է: Իսկ ամերիկյան բանակը ունի՞ ազդեցություն Գերմանիայի վրա, իհարկե, ունի: ՌԴ-ն իր ազդեցությունը չի մեծացնում, նա ունի այն ազդեցությունը, ինչ ունի, ինչը բխում է մեր շահերից: Իսկ մենք դրանով լուծում ենք մեր անվտանգության խնդիրները: Անվտանգությունը մարդու առաջնային իրավունքն է, կյանքի իրավունքը: Եթե չկա անվտանգություն, չի կարող լինել տնտեսություն: Ո՞վ կգա այստեղ բիզնես կանի, եթե չլինի անվտանգություն: Երբ խոսում են անկախության մասին, ինքնիշխանության մասին, այն քայլերը, որոնք ուղղված են մարդու անվտանգությունն ապահովելուն, տնտեսական զարգացմանը, դա ուժեղացնում է ինքնիշխանությունը եւ ապահովում մեր անկախությունը: Եթե չլիներ այս ամեն ինչը մենք անկա՞խ կլինեինք, եւ ումի՞ց»:

Նա ասաց, որ մարդիկ երբ մի բան խոսում են, պետք է հիմնավորեն. «Ես չեմ կիսում այդ մտավախությունը, ուղղակի սա ուղղված է ՌԴ-ի դեմ, ինչ անում է ՌԴ-ն՝ վատ է»:

Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, ստորագրել ենք փաստաթուղթ, այնտեղ ՆԱՏՕ-ն իր վրա որեւէ պատասխանատվություն չի վերցնում ոչ անվտանգության, որը հայ-ռուսական պայմանագրում ունենք, ոչ ռազմատեխնիկական ապահովման, որը ՌԴ-ի հետ էլի ունենք, որ ՌԴ-ն ապահովում է ՀՀ-ին ժամանակակից զենքով, բայց մենք ՆԱՏՕ-ի հետ միասին Աֆղանստանում պատերազմում ենք. «Հարց է առաջանում՝ մեր շահը ո՞րն է, ինչո՞ւ այդ մարդիկ այդ մասը չեն ասում: Այո, կա հարցեր, բայց նույն հարցը այդ ուղղությամբ պետք է տանք: Վենետիկի հանձնաժողովը երբ ստուգում է մեր օրենքները, ասում է՝ սա ճիշտ է, սա սխալ է, մեր ինքնիշխանությունը չե՞նք կորցնում»:

Նա հիշեցրեց, որ ԵԽ-ում էլ հակահայկական բանաձեւեր են ընդունվում, բայց մենք այնտեղ ունենք շահ, դրա համար էլ մտել ենք. «Եթե դու մի կազմակերպությանը անդամակցում ես, նույնիսկ ՄԱԿ-ին, ուրեմն դու մի բան զիջում ես նաեւ: Բայց դու շատ բան շահում ես»:

Նա ասաց, որ հակամարտող պետությունները ամեն ինչ անում են, որ դաշնակցի հետ հարաբերությունները փչացնեն. «Հիմա այն, ինչ ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, դա բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Ես հստակ կարող եմ ասել, թե Ադրբեջանը ինչ է խոսում ՌԴ-ի հետ, երբ հանդիպում է: Ինքը ասում է՝ դուք ինչի՞ եք ՀՀ-ի հետ, օգնեք մեզ Ղարաբաղի հարցը լուծենք, մենք պատրաստ ենք, որ Ադրբեջանի տարածքում լինեն ռուսական բազաներ: Ասում է՝ դե Հայաստանն ի՞նչ է ձեզ համար, եթե դուք մեր հետ լինեք, Կովկասում ավելի շատ ազդեցություն կունենաք, որովհետեւ մենք ավելի հզոր ենք, տնտեսապես ավելի ուժեղ ենք: Այնպես որ, իրենք այդ աշխատանքը տանում են, եւ պետք չի, որ իրենց այստեղից մենք օգնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031