Կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը դեկտեմբերի 2-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ուշադրություն հրավիրեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոցի վրա:
«Զարմանալի է, որ 8-ամյա էր կրթությունը, այս տարի 9-ամյա են դարձրել: Բոլոր առարկաներն անխտիր անցնում են հայերենով, ընդհուպ մինչեւ հայոց պատմություն: Զարմանալի՞ չէ, որ Ռուսաստանում մենք մեկօրյա դպրոցները հազիվ ենք կարողանում պահել կամ բացել, կամ վերաբացել հայերենի խմբակներ: Գուցեեւ քաղաքականություն է, ես ոչինչ չեմ կարող անել: Այնպես է, որ զարմանում ես, որ այդ դպրոցում ամեն ինչը հայերեն է, եւ ոչ մի դաս՝ թուրքերեն: Սա մեծ նվաճում է Թուրքիայում ունենալ 9-ամյա հայկական կրթություն, թեկուզեւ քաղաքականություն է»,- ասաց նա:
Թամարա Թովմասյանը նշեց, որ կրթության եւ գիտության նախարարի առաջ հարց է բարձրացվել, որ այդ երեխաները, երբ ավարտեն դպրոցը, ապա նրանք անպայման Հայաստանից պետք է ստանան ավարտական վկայականները, եւ կգան Հայաստան սովորելու:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ