Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Դա քաղաքական քայլ էր» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2016 14:29

Անդամակցելով ՀՀԿ-ին՝ Կարեն Կարապետյանի ստանձնած պատասխանատվությունը հանրության առջեւ չնվազեց: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Ավելին, բանախոսի համոզմամբ, այդպիսով ավելացավ վարչապետի պատասխանատվությունը, քանի որ նա ստանձնեց նաեւ կուսակցության առջեւ պատասխանատվություն:

Խոսրով Հարությունյանը համարում է, որ ՀՀԿ-ին անդամակցելը վարչապետի կողմից շատ տրամաբանված քաղաքական քայլ էր եւ ապացուցում է, որ վարչապետն իրեն չի տեսնում ժամանակավոր ֆունկցիա կատարողի դերում. «Այսպիսով պարզ է դառնում, որ նա եկել է երկարաժամկետ գործունեության համար»:

Ի դեպ, ՀՀԿ համագումարում նախագահն էլ դա փաստեց`հայտարարելով, որ ապրիլյան ընտրություններից հետո, ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում, կառավարությունը կրկին Կարեն Կարապետյանը կղեկավարի:

Հարցադրումները`ինչո՞ւ վարչապետի հետ նախարարներն էլ անդամակցեցին ՀՀԿ-ին, իր համար տարակուսելի է. «Իսկ ինչո՞ւ պիտի պատասխանատվությունից խուսափեին»:

Անդրադառնալով արդեն անցյալ արտահերթ նստաշրջանում խորհրդարանում քննարկված-քննադատված «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, Խոսրով Հարությունյանն ասաց`ինքը վատ չի զգում նրանից, որ ոմանք իրենց ասում են, փոքր, մարդ-կուսակցություն: Ինքը գիտի թվաքանակով տասնյակ անգամներ մեծ մարդ-կուսակցություններ, որոնց ազդեցությունը քաղաքական հասարակական կյանքում ավելին չէ, քան փոքրերինը: «Մենք ունեցել ենք կուսակցություններ, որ մտել են կոալիցիա ու իրենց կազմից մի նախարար չեն կարողացել դնել: Ու՞մ է պետք այս որակը»,- ասաց բանախոսը`հարց հնչեցնելով` բացի ՀՀԿ-ից, ԱԺ-ում ներկայացված քանի՞ կուսակցություն կարող է կառավարության կազմ ներկայացնել իր կազմից:

Խոսրով Հարությունյանն ասում է, որ որեւէ մեկին չի թերագնահատում, այլ առաջարկում է բաց երկխոսություն:

Մանրամասները`տեսանյութում

Խոսրով Հարությունյանը կարեւորում է ներկուսակցական ժողովրդավարությունը. «Հնարավոր չէ ներսում ժողովրդավար չլինել, հանրային կյանքում ժողովրդավար լինել»: Գտնում է, որ կարծիքների բախումը կուսակցության ներսում կուսակցականներին կոփում դարձնում է գործիչներ: ՀՔԴՄ-ն առաջարկել էր նախընտրական ցուցակները ներկայացնելիս կուսակցությունները հրապարակեին նաեւ իրենց կառավարությունների կազմը: Այդ առաջարկությունը չի անցել: Ամեն դեպքում Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կուսակցությունների գրանցման եւ գործունեության սահմանափակումներ չպետք է լինեն: Օրինակ է բերում`ԱՄՆ-ում, կուսակցության հիմնադրման պահին պահանջում են 500 անդամ, իսկ մենք գրել ենք`1000. «Սահմանափակումները կուսակցությունների խոշորացման ձեւ չէ»: Առհասարակ, նա կեղծ թեզ է համարում կուսակցությունների խոշորացումը. «Մեր կուսակցությունը գործում է. ո՞ւմ ենք խանգարում, թող գործեն փոքր կուսակցություններ»:

Ասվածի համատեքստում Խոսրով Հարությունյանը համաձայնեց Aravot.am-ի դիտարկմանը, որ հակասություն կա նաեւ Սահմանադրության եւ ԱԺ-կանոնակարգ օրենքի հետ` խմբակցությունից պատգամավորին հեռացնելու դրույթի մասով: «Ո՞նց կարելի է մարդուն ֆրակցիայից հեռացնել, բայց կուսակցությունից ոչ ու դրանից հետեւում է հաջորդը`եթե կուսակցությունից հեռացվում է, ինչո՞ւ պետք է մնա պատգամավոր: Մարդը ձայն է տալիս կուսակցական հավաքական ցուցակին, ոչ թե անհատին: Այս իմաստով իրավաքաղաքական որեւէ հիմնավորում չկա: Ներկուսակցական կարգապահության հարցերը կարգավորելու հազար ու մի ձեւեր կան: Նման կոշտ ձեւերը կարող են խաթարել հենց ներկուսակցական կարգապահությունը: Բացի այդ անհասկանալի է համամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարանում անհատ պատգամավորների գոյությունը: Տեսականում այդ թիվը կարող է մեծամասնություն դառնալ, բա ի՞նչ է արվելու կառավարության հետ: Խմբակցությունից դուրս է գալիս`մանդատը պետք է վայր դնի»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031