Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, չէ՞, որ բխում է ՀՀ շահերից». Վաղարշակ Հարությունյանը զարմացած է ՀՀ-ում հակառուսական աղմուկից

Դեկտեմբեր 02,2016 14:25

Հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագրի կնքումը աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրած ասուլիսում ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այս առնչությամբ զարմացել էր, թե ինչու են ՀՀ-ում այդպես արձագանքում. «Հիմա գնահատել այս փաստաթուղթը շահի տեսանկյունից մի քիչ ուշ է, որովհետեւ սա ռուսական բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է: Կա բազա, որն ունի խնդիր, դա ՀՀ-ի անվտանգությունը ապահովելու խնդիրն է ագրեսիայի դեպքում: Նույնը ՀԱՊԿ պայմանագիրն է: Սա դրա շարունակությունն է, թե ինչպես պետք է բազան, որը գտնվում է ՀՀ-ում,  լուծի խնդիրները, երբ մեզ վրա հարձակում լինի»:

Նա ասաց, որ սա նոր փաստաթուղթ չի, 1998-ից է գործում մինչ այսօր. «Այդ միավորումը միշտ ղեկավարել է հայ գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը: Նորությունն այն է, որ եթե այն ժամանակ այս խնդիրները լուծվում էր նախարարների մակարդակով, ապա հիմա երկու փոփոխություն կա՝ սա բերվել է միջպետական մակարդակի, ավելի հստակեցվել են բոլոր հարցերը: Երկրորդը՝ այս պահին է ի հայտ եկել, որովհետեւ ձեւավորվում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանային խմբավորում: Ինչ վերաբերում է մտահոգություններին, սա ես համարում եմ արհեստական»:

Նախկին նախարարն ասաց, որ եթե գոնե քննարկեին՝ պե՞տք է մեզ բազան, պե՞տք է ՀԱՊԿ մտնեինք, թե ոչ՝ հասկանալի կլիներ, բայց քանի որ մենք արդեն վաղուց համաձայնել ենք, կնքել ենք այդ պայմանագրերը, բարձրացված աղմուկը անհասկանալի է, լուրջ հիմնավորում չունի:

Հնչում են տեսակետներ, որ այս զորամիավորումը հնարավոր է օգտագործվի Վրաստանի դեմ, Սիրիայի եւ այլն: Վաղարշակ Հարությունյանը բացառեց դա՝ ասելով, որ պայմանագիրն իր ձեռքի տակ է. «Այդ պայմանագրում նշված է, որ խմբավորումը գործում է բազայի պայմանագրի եւ հայ-ռուսական Մեծ պայմանագրի հիման վրա, որը ձեւավորվել է 97-ին: Խոսք չի կարող գնալ, որ այս զորամիավորումը գնա Սիրիա կամ այլ պետություն: Սա գործում է Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում: Ռուսական կողմը չի կարող օգտագործել այդ զորամիավորումը որեւէ այլ նպատակի համար, բացի ՀՀ-ի դեմ ագրեսիայից»:

Նա ասաց, որ Ղարաբաղի դեպքում էլ դա չի կարող գործել, որովհետեւ ԼՂՀ-ն ՀՀ-ի կողմից ճանաչված չի, մեր կազմում չի: Թե ինչ է տալու այս պայմանագիրը մեզ՝ պարոն Հարությունյանը բացատրեց. «91-ին մտանք ԱՊՀ պետությունների միավորման մեջ, 92-ի մայիսի 15-ի մտանք ՀԱՊԿ: Անվտանգությունը ապահովում են ռազմաքաղաքական բալանսով: Սա նշանակում է, որ մենք գնահատում ենք սպառնալիքները, իրավիճակը: Մենք սպառնալիք ունենք Ադրբեջանի, Թուրքիայի կողմից: Թվեր բերեմ, որ հասկանանք հայկական կողմը ի վիճակի՞ է Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիային դիմակայել: Թուրքիայի զորախումբը 500 հազար է, մոբիլիզացիայի դեպքում կարող են 2 մլն ոտքի հանել: 2 մլն-ը որ մեր դեմ եկավ, մենք ինչքա՞ն կարող ենք հավաքել՝ լավագույն դեպքում 400 հազար: Թուրքիայի բանակի բյուջեն՝ 22 մլրդ, մեր բյուջեն՝ 400 մլն: Տանկեր մենք ունենք 120, Թուրքիան ունի 3000, զրահամեքենաներ մենք ունենք 300 հատ, Թուրքիան՝ 4500, ինքնաթիռ ունենք 15, Թուրքիան ունի մոտ 500 հատ: Անկախ նրանից, որ մեր զինվորն ավելի պատրաստված է, նվիրված է, բայց ժամանակակից պատերազմը ռեսուրսների եւ տեխնիկայի պատերազմ է»:

Նա մի դրվագ պատմեց, թե ինչպես են ռուսները ստիպել, որ Թուրքիան իր զորքերը հետ քաշի, աջակցել մեզ պատերազմական իրավիճակներում: Այդ ամեն ինչը գնահատելով՝ մենք մտել ենք ՀԱՊԿ:

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Գերմանիան հզոր պետություն է, բայց ունի ամերիկյան բազա իր տարածքում, Ճապոնիան ունի ամերիկյան բազա. «Ինչ ենք մենք քննարկում, սա ակնհայտ է, չէ՞, որ բխում է ՀՀ շահերից: Այն փաստաթղթերը, որ մենք ստորագրեցինք ռուսական բազայի մասին, ՀԱՊԿ մտնելը, ապահովեց մեր հաղթանակը ԼՂՀ-ում»: Ըստ ՊՆ նախկին նախարարի, մարդիկ չեն հասկանում այս ամենը եւ խոսում են: Մենք ո՞նց էինք հաղթանակ ապահովելու, եթե չապահովեինք մեր զինվորին ռուսական զենք-զինամթերքով, ռազմաքաղաքական աջակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031