Մոտ մեկ ժամ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց հետո լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տվեցին լուսաբանել 2015 թվականին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով նախնական դատական նիստը:
Այսօր գործով դատարան չէին ներկայացել երկու ամբաստանյալ` Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը ու որոշ ամբաստանյալների պաշտպաններ:
Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել ամբաստանյալների չներկայանալու պատճառով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են, որ նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է իրականացվել թվով 33 անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ կրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: 2016 թ. հունիսի 8-ին 4 անձի մասով գործն անջատվել է, նրանց նկատմամբ 223-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի մեղադրանքներով քրեական գործն ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն էլ դահլիճում նիստից հետո շատ կարճ պատասխանեց լրագրողների հարցերին` ասելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Եթե Արցախին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իսկ իշխանությունը եթե պատկանում է ժողովրդին, անհնար է բռնազավթել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ