Լրահոս
Օրվա լրահոսը

«էպիլեպսիայի նոպայի մեջ ընկնող անձին ամռանը զորակոչել են». Արմինե Սադիկյան

Դեկտեմբեր 02,2016 13:46

2015 և 2016-ի զորակոչերի հետ կապված դժգոհություններն ավելի մեծ են, քան նախորդ տարի:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակ բողոքներով դիմել է 57 քաղաքացի՝ անցյալ տարվա 45-ի փոխարեն:

«Մեդիա կենտրոնում» «2015 և 2016 թթ. զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակը» թեմայով հրավիրված քննարկմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ իրենք այս խնդիրների վերաբերյալ զեկույց են պատրաստել ու հիմնական խնդիրները զորակոչիկների առողջությանն են վերաբերում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը մանրամասնեց, որ 57 քաղաքացիներից 47-ի՝ բացարձակ մեծամասնության, խնդիրները եղել են առողջական. «Նրանք ստացել են ոչ պատշաճ բուժզննություն և արդյունքում ճանաչվել են պիտանի զինծառայությանը: Նրանցից 6-ի վերաբերյալ կայացվել է զինծառայությունից ազատվելու,11-ի դեպքում տարկետման իրավունքի վերաբերյալ որոշում: 7 հոգի ճանաչվել է զինվորական ծառայությանը պիտանի, սակայն հիմնվելով բժշկական փաստաթղթերի վրա՝ վստահ են, որ նրանք ունեն առողջական խնդիրներ: Այդ անձինք հրաժարվել են մեկնել զինծառայության, ստանձնել ենք դատական բողոքարկումը: 17 հոգի ևս ունենալով առողջական խնդիրներ՝ որոշել են, որ պիտի ծառայեն՝ վախենալով հետագա խնդիրներից»:

Ուսումնասիրություններն արձանագրել են, որ եղել են դեպքեր, երբ բժշկական հանձնաժողովներն իրական վիճակին համապատասխան ախտորոշումներ են դրել, բայց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը զուտ մեխանիկական բառային փոփոխություն կատարելով՝ զորակոչիկներին ճանաչել է զինծառայությանը պիտանելի: Փորձագետները միտում են տեսնում, որ բժշկական հանձնաժողովները փորձում են թեթև  ախտորոշումներ դնել, որ անձին զինծառայությանը պիտանի ճանաչեն:

Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ կա ընտրողական մոտեցում զորակոչիկների և մյուս քաղաքացիների բժշկական զննությունների առումով. «Քաղաքացիական բժիշկները կաշկանդված են  իրենց բժշկական եզրակացություններում և դա պայմանավորում են այն տեսակետից, թե արդյոք դրա հիման վրա երիտասարդը կարո՞ղ է ճանաչվել պիտանի, թե՞ ոչ: 2015-2016-ի ձմեռային զորակոչի ընթացքում 62 քաղաքացի տարկետում է ստացել ու նշված չէ հիմքը, այնինչ նախկինում նշվում էր: Սա ակնհայտ անհիմն է: Հոգևորական լինելը չի կարող հիմք լինել տարկետման համար: Շարունակում է մտահոգիչ մնալ մի քանի հիվանդությունների առկայությամբ անձի զորակոչի պիտանիության հարցը»:

Պարոն Սաքունցի համար մտահոգիչ է նաև այն, որ ծառայողական գաղտնիք է համարվում գլխավոր շտաբի պետի հատուկ հրամանով մշակված ուղեցույցը, որով սահմանվում են սահմանափակումներով շարային ծառայության պայմանները: Այս առիթով Արթուր Սաքունցն ասաց. «Եթե գաղտնիք է, ուրեմն կամայականության, չարաշահման ու կոռուպցիայի տեղիք է տալիս»: Մյուս կողմից՝ պարոն Սաքունցը փաստեց, որ շատ դեպքերում հասարակության անդամները հետևողական չեն լինում. «Եթե զորակոչիկները համաձայնեին, որ դիմեինք դատարան, մենք այժմ 10-ից ավելի գործեր կունենայինք: Պարզապես ծնողները չեն համաձայնում»:

Արմինե Սադիկյանը մի օրինակ բերեց, երբ վերջին հինգ տարում էպիլեպսիայի նոպայի մեջ ընկած անձին ամառային զորակոչին զորակոչել են, այնինչ օրենքը հակառակն է սահմանում. «Փաստաթղթերը առկա են, որ վերջին հինգ  տարում այդ անձն ունեցել է նոպաներ:  Զորակոչից երկու օր հետո նա հայտնվել է զինվորական հոսպիտալում: Մինչ օրս ինքը կամ հոսպիտալում է, կամ բուժկետում է»:

Որպես բարձրացված խնդիրների լուծում Արթուր Սաքունցը տեսնում է այն, որ ռազմաբժշկական հանձնաժողովը պիտի վերանա, ախտորոշումը պիտի տա բժիշկը քաղաքացիական հիվանդանոցում: Զորակոչի հետ  այն չպետք է կապ ունենա: Ընդհանրապես պաշտպանական գերատեսչությունը չպետք է կազմակերպի զորակոչը: Արթուր Սաքունցի կարծիքով՝ զինկոմիսարիատները պետք է լուծարվեն, պետք է գործի գործակալություն, ինչպես առողջապահության դեպքում:

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ իրենց պատրաստած զեկույցը ներկայացնելու են նաև պաշտպանական գերատեսչությանը, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ իրենց բարձրացրած հարցերը այդպես էլ մնում են անպատասխան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031