Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրություններին պետք է մասնակցել խոշոր միավորներով. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 02,2016 12:59

Հարցազրույց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

-Ընդդիմադիր տարբեր ուժեր, գործիչներ անդադար խոսում են այն մասին, թե խիստ զբաղված են ներքին քննարկումներով` դաշինքներ են ձեւավորում, մինչդեռ «Համախմբումը» առանձնապես շատ չի խոսում ընդդիմադիր դաշտի համախմբումից, գուցե զգուշանո՞ւմ եք:

-Այնպես չէ, որ չենք խոսում կամ խոսափում ենք, երբ հարկ է լինում, մեր ասելիքը հրապարակում ենք: Մենք էլ այսօր գտնվում ենք քաղաքական ուժերի հետ հանդիպում-քննարկումների փուլում: Թե ո՞ր ուժերի, բնականաբար անուններ տալ չեմ ցանկանա, որովհետեւ երբ մեկի հետ հանդիպում, խոսում ես, մի գավաթ էլ սուրճ խմում, դա արդեն դառնում է քաղաքական եզրահանգումների առարկա, ընդ որում` հաճախ իրականությունից շատ հեռու:

Սա է պատճառը, որ գերադասում ենք դաշինքների մասին դեռ չխոսել եւ խոսել միայն այն պահին, երբ քաղաքական որոշ ուժերի հետ կհամընկնեն մեր մոտեցումները, դիրքորոշումները, երբ պայմանավորվածությունները կլինեն հստակ, այդ ժամանակ հանդես կգանք քաղաքական հայտարարությամբ: Կարծում եմ, դա երկար չի տեւի, ու լրատվական դաշտին երկար սպասել չենք տա:

-Իսկ վերլուծելով իրավիճակը, ի՞նչ եք կարծում, նախընտրական ինչպիսի՞ դաշինքներ կարող են ստեղծվել, որոնք զերծ կմնան նախկին ձախողումներից, նախկին սխալները կրկնելուց:

-Դաշինքները, ինչպես ցույց է տալիս մեր պատմությունը, շատ հաճախ քանդվում են: Պատճառները որքան էլ տարբեր են, բայց ուշադիր հետեւելիս համոզվում ես, որ դրանցում կա բոլորին բնորոշ ընդհանուր պատճառ: Դա այն է, որ մեզանում նման միավորումները ստեղծվում են «դաշինք` դաշինքի համար» սկզբունքի հիման վրա, երբ ասում են` եկեք միասին լինենք, որպեսզի դրանով ուժեղ լինենք:

Նման դաշինքները տեւական լինել չեն կարող, շատ արագ քանդվում են: Քանդվել են, որովհետեւ հասարակությունն այդպես էլ չի հասկացել, թե քո ուժեղ լինելն ինչի՞ համար էր: Քանդվել են, քանի որ կազմվել են այլ շահերով պայմանավորված: Ուրեմն նախ ցանկացած դաշինք պետք է հստակ ասի, թե ի՞նչ է ուզում, ո՞րն է իր նպատակը: «Համախմբումը» գնում է նման դաշինքի ստեղծման ճանապարհով: Այսինքն` հենց այնպես միանալ այս կամ այն ուժերին, առանց քաղաքական, գաղափարական հենքի` համարում ենք անիմաստ:

Անկեղծ ասեմ, անգամ այդ դեպքում որեւէ մեկն ապահովագրված չէ, որ իրենց ստեղծած դաշինքը կլինի կայուն, բայց համենայն դեպս, նման դաշինքը կլինի ավելի կայուն, քան երբ ասվում է` եկեք բոլորս հենց այնպես միավորվենք, որ կարողանանք ձայների մեծ քանակ հավաքել: Սա կլինի ինքնանպատակ, ու ոչ ոք չի հասկանա, թե ինչո՞ւ եղավ այդ միավորումը: Ի վերջո, մեր հասարակությանը մի բան է հետաքրքրում` ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, որպեսզի վերջապես ապրի նորմալ երկրում:

-Ի՞նչ կասեք դաշինքների ստեղծումը աշխարհաքաղաքական վեկտորով պայմանավորելու մասին, չե՞ք կարծում, որ վտանգավոր երեւույթ է հասարակությանը, քաղաքական ուժերին արեւմտամետների ու ռուսամետների բաժանելու այդ մոլուցքը։

-Ես այդ բաժանումը համարում եմ արհեստական: Գուցե քաղաքական կառույցներում կա նման մտածողություն, երբեմն ասում են` սա արեւմտամետ է, սա ռուսամետ, բայց մեր հասարակության մեջ իսպառ բացակայում է այդ դիսկուրսը, որովհետեւ հասարակությունը ամենեւին բաժանված չէ արեւմտամետների ու ռուսամետների:

-Դաշինքային համախմբում ասվածը մեր ժողովուրդն այսպես է պատկերացնում. ամեն մի քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր օրակարգը երկրի ապագային առնչվող հարցերում` սկսած Արցախյան խնդրից, մինչեւ տնտեսական: Եվ դա հրապարակի, որպեսզի ե՛ւ քաղաքական դաշտում պարզ լինի, թե ով ով է, ե՛ւ հասարակությունը հասկանա, թե ում է իր ձայնը տալու: Կգնա՞ «Համախմբումը» այս ուղիով:

– Այո, համաձայն եմ ձեր դիտարկմանը, որ մեր հասարակությունը հենց սա՛ է ուզում, միայն այդ կերպ պարզ կլինի` ո՞վ ես, ի՞նչ ուժ կամ դաշինք ես: Եթե գործող իշխանության հետ տարբեր հարցերում համակարծիք չես, ուրեմն պետք է քո այլընտրանքը ներկայացնես:

Եվ այսօր, երբ մենք հանդիպում, խոսում ենք այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, փորձում ենք հստակեցնել մեզ համար կարեւոր հարցերի պատասխանները: Քանի որ դաշինքի կազմման դեպքում այդ հարցերից կազմված փաթեթը պետք է դառնա դաշինքի նախընտրական ծրագիր: Դա հետո կներկայացվի հանրությանը, որպեսզի վերջինս էլ իմանա, թե ի՞նչ ենք ուզում անել, ինչո՞ւ ենք միավորվել:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031