Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը նետվում են իշխանության՝ գուցե տարբեր մղումներով եւ մոտիվներով, սակայն նույն նպատակով. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 02,2016 12:15

Թերեւս ոչ ոք չի կասկածում, որ ՀՀԿ-ն 2017-ի ԱԺ ընտրություններին մեծամասնություն է ունենալու։ Եվ այս 7000 ՀՀԿ-ականների մասին գեղեցիկ պատմությունն էլ կարող էին չմտածել։ Պետք լինի՝ 70 000 շունչ անդամագրել, 70 000-ին կանդամագրեն, «ժողովուրդն այլասերության պատրաստ է»։ Այնպես որ, ՀՀԿ-ի համար իրական համակիրների թիվը բացարձակ էական չէ։

Եթե կուզեք, այս կուսակցությունն ընտրողներին պարզապես շնորհ է անում՝ այդքան առատաձեռնորեն ընտրակաշառք բաժանելով։ Դրան գումարած՝ նաեւ ընտրողների տեղափոխման խնդիրը լուծելը՝ տնից ընտրատեղամաս եւ՝ հակառակը։ Անկեղծ լինենք. ՀՀԿ-ն կարող էր իրեն այսքան նեղություն չտալ։ Ի վերջո, այս կուսակցությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ՝ հնարավորություն ունի թվերի միջոցով լուծել բոլոր խնդիրները, անգամ՝ դեմոգրաֆիկ։ Ի վերջո, օրը ցերեկով հայտարարել, թե Հայաստանում կա 2 միլիոն 486.000 ընտրող, որոնց մեծ մասը համակրում է ՀՀԿ-ին, ամեն ուժ չէ, որ կարող է իրեն թույլ տալ։

Եվ նման անորակ ԱԺ պահելն էլ բյուջեի հաշվին, երբ ՀՀԿ առաջնորդը պարզապես կարող էր այդ ողջ գումարը իր գրպանը դնել, եւս շնորհ է հասարակությանը։

Քսանհինգ երկարուձիգ տարիների փորձը ցույց է տալիս նույն պատկերը, բոլորը նետվում են իշխանության՝ գուցե տարբեր մղումներով եւ մոտիվներով, սակայն նույն նպատակով։ Հարստանալ եւ ճանաչվել։ Փոքր-ինչ ավելի ինտելեկտուալների համար խորհրդարանը կամ աշխատանքը գործադիրի տարբեր ոլորտներում, հավակնություններին հագուրդ տալու հարմար վայր է. հասարակությունն, իր կամքից եւ ցանկությունից անկախ, ստիպված է քեզ ճանաչել, լսել եւ, որ ամենավատն է, տեսնել։

Իսկ պետությանը ծառայելու, ժողովրդի հոգսերով տապակվելու հավաստիացումները, որոնք հնչեցրեց ՀՀԿ լիդերը կուսակցության 16-րդ համագումարին, թուլության վայրկյաններ են, որոնք բնորոշ են նախընտրական շրջանին։ Սակայն ընտրություններից հետո դրանք անցնում են անմիջապես եւ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, առանց առողջության համար զգալի հետեւանքների։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031