Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսները սկեսուրների դեմ դժվար թե բողոք գրեն. Ընտանեկան բռնության մասին օրենքը՝ հայ հասարակությունում

Դեկտեմբեր 02,2016 12:09

Այսօր «Հենարան» ակումբում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հրավիրած ասուլիսում փաստաբան Դավիթ Վարդանյանն ասաց, որ ՀՀ-ում բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք զբաղվում են կանանց եւ երեխաների բռնության հարցերով: Իրենք են վայելում վստահությունը: Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության եւ կանանց 7-8 մահվան դեպք է լինում տարեկան: Իսկ ոստիկանության տվյալներով՝ ահազանգերի թիվը 500 է, մահվան թիվը՝ 10: Սա նշանակում է, որ իրականում զանգերը շատ քիչ են կատարվում, 500 զանգի համեմատ 10 մահվան դեպքը շատ է:

3

 

Մանկական հոգեբան Տաթեւիկ Աբրահամյանի խոսքերով՝ կան դեպքեր, երբ ընտանիքում լինում են ոչ բարենպաստ պայմաններ, երեխաները ենթարկվում են տարբեր տիպի բռնությունների: Ասում են՝ հնարավոր չէ՞ ընտանիքում իրականացնել երեխաների հոգեբանական աջակցությունը: Դա կախված է նրանից, թե ընտանիքում ինչ իրավիճակ է այդ պահին: Հնարավոր է երեխայի մնալը ընտանիքում ավելի վատ անդրադառնա երեխայի զարգացման վրա. «Այն ընտանիքում, որտեղ կա բռնություն, երեխան կարող է տագնապի, վախի զգացողություն ունենալ, շփման հետ կապված դժվարություններ ունենալ»:

Տաթեւիկ Աբրահամյանն ասաց, որ բռնությունների դեպքում երեխաները կարող են լինեն ագրեսիվ, դա շատ լավ արտահայտվում է հիմնականում դպրոցներում կամ մանկապարտեզներում, երբ շփման դժվարություն են ունենում, մեծահասակների հետ ագրեսիվ վարք են ունենում, որովհետեւ մտածում են, որ մեծահասակները կարող են նույն վարքն ունենալ իրենց նկատմամբ. «Երեխաները կարող են դառնալ նաեւ լրիվ ներամփոփ: Կարող է լինել կրկնող վարք, ծնողների վարքը կրկնել, կարող է լինել լրիվ հրաժարում եւ մերժում»:

Փաստաբանի խոսքերով՝ երեխայի առանձնացումը ընտանիքից պետք է լինի ծայրահեղ դեպքում, երբ կա վտանգ, որ երեխայի նկատմամբ հանցագործություն կկատարվի, կամ կատարվում է հանցագործություն:

2

Մեր հարցին՝ երբ խոսում ենք ընտանեկան բռնության մասին, հասկանում ենք կանանց եւ երեխաների նկատմամբ բռնություն, չի՞ լինում, որ ընտանիքում բռնության է ենթարկվում տղամարդը՝ Դավիթ Վարդանյանը պատասխանեց, որ իհարկե, լինում են. «Լինում է, որ ոչ թե ծնողն է բռնություն կիրառում, այլ քեռին է կիրառում»:

Մեր հարցին՝ ընտանեկան բռնություն կիրառողի նկատմամբ երբ օրենքով կհստակեցվեն պատժամիջոցները, հնարավո՞ր է հարսները, ասենք, սկեսուրներից հաշվեհարդար տեսնելու համար օրենքով նրանց պատժեն, թե՞ մեր մենթալիտետից ելնելով՝ դա բացառվում է՝ Դավիթ Վարդանյանը պատասխանեց, որ մենթալիտետի խնդիր, իհարկե, կա. «Հաշվեհարդար տեսնում են, երբ պաշտպանության կարիք են տեսնում: Եթե այդպիսի հարց առաջանում է, ուրեմն խնդիրը ծագել է, ինքը պաշտպանության կարիք ունի: Դրանից հետո պետական մարմինները պետք է որոշեն՝ արդյոք տեղի է ունեցել օրենքի խախտում»:

Տաթեւիկ Աբրահամյանն էլ վստահ է, որ հարսները սկեսուրների դեմ դժվար թե բողոք գրեն. «Ունենք հասարակական, մշակութային տարբերություններ: Կարող են գնալ այդ քայլին եւ հաշվեհարդարի տարբերակներ փորձեն, բայց մտածելակերպից ելնելով՝ դրանք մեծ քանակ չեն կազմելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031