Այն, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում մեր երկրում օտարերկրյա ներդրումների մասով, ոչ այլ ինչ է, քան փախուստ բորոտությամբ հիվանդ տնտեսությունից։ Եվ ժամանակն է, որ կառավարությունը մտածի նախ իր «հիվանդին» բուժելու, ապա միայն՝ «էստի համեցեք» կանչելու։
Մեր տնտեսության իրական հատվածում վերջին տարիներին կատարվող օտարերկրյա ներդրումներն այնքան նվազել են, որ այլեւս դրանք դադարել են տնտեսության առաջխաղացման գործոն լինելուց։ Այս տարվա ինն ամիսներին եւս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը նվազել է ավելի քան 69,6 մլրդ. դրամով եւ կազմել հազիվ 27 մլրդ. դրամ։ Մեր հույսն ու ապավենը մնացել են Կիպրոսը, Միացյալ Թագավորությունը եւ Լյուքսեմբուրգը, որոնց ուղղակի ներդրումները կազմել են, համապատասխանաբար, 34,9 մլրդ., 32,3 մլրդ. եւ 29 մլրդ. դրամ։ Իրականում կարելի էր այսքանով էլ վերջակետ դնել։
Սակայն քանի որ մեր տնտեսության համար ոչ մեծ ներդրումն անգամ երեւույթ է, ապա նշենք, որ Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների մասով տարվա ընթացքում առաջնակարգ դիրքերում են հեռավոր Միացյալ Նահանգները՝ 6,6 մլրդ. դրամ, եւ Գերմանիան՝ 4,2 մլրդ. դրամ, Արգենտինան՝ գրեթե 3 մլրդ. դրամ եւ այլն։ Ընդհանուր առմամբ, ուղղակի ներդրումների ծավալն ինն .ամսվա ընթացքում կազմել է 44,4 մլրդ. դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 80,2 մլրդ. դրամի դիմաց, այսպիսով, արձանագրելով շուրջ 45% նվազում։
Նկատենք նաեւ, որ ուղղակի ներդրումների առյուծի բաժինը՝ մոտ 30,5 մլրդ. դրամ (Միացյալ Թագավորություն), ուղղվել է հանքագործական արդյունաբերությանը, շուրջ 6 մլրդ. դրամն էլ (Գերմանիա)՝ հիմնային մետաղների արտադրությանը։ Տնտեսության մեջ ուղղակի Ներդրումների մասով շուրջ 3 մլրդ. դրամն ուղղվել է բուսաբուծության, անասնապահության եւ հարակից ծառայություններին (Արգենտինա), մոտավորապես 2,7 մլրդ. դրամ՝ մեծածախ առեւտրին, 2 մլրդ. դրամ՝ անշարժ գույքի գործունեության հետ կապված (Ռուսաստանի Դաշնություն) եւ այլն:
Կարդացեք նաև
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում