«Մենք Հայաստանի նոր կառավարության բարեփոխումների ծրագրի իրագործմանը ուշի-ուշով հետեւում ենք: Եթե դրանք իրոք իրագործվեն, բավական մեծ նպաստ կբերի տնտեսությանը` ներդրումներ գրավելու առումով»,- այսօր «Հոդված 3» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`որքանո՞վ է ՀՀ-ի տնտեսական միջավայրը բարենպաստ ներդրումների համար, ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
«Միջազգային դոնոր հանրությունը, ներառյալ ԵՄ-ն` արդեն հայտարարել են, որ մենք պատրաստ ենք ՀՀ-ի նախաձեռնած բարեփոխումների ջանքերին նպաստել»,- հիշեցրեց դեսպանը`հավելելով, որ Բրիտանական դեսպանատունը ևս փորձում է աջակցել:
«Ցանկացած երկիր, թե տեղացի, թե միջազգային ներդրումներ է ուզում ներգրավել, պետք է ցանկացած դեպքում ունենան վստահություն երկրի տնտեսության առումով: Մենք կոնկրետ քայլեր ենք անում այդ ուղղությամբ օրինակ հանքարդյունաբերության ոլորտը օգնում ենք ավելի թափանցիկ դառնա, որպեսզի վստահության մակարդակը բարձրանա: Նաեւ աշխատում ենք կառավարության հետ, տեսնելու, թե ինչպես կարող ենք նպաստել հակակոռուպցիոն ռազմավարության իրագործմանը: Օգնում ենք կապեր ստեղծել Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռնարկությունների եւ Միացյալ Թագավորության ձեռնարկությունների միջեւ: Փորձում ենք կոնկրետ անձանց կամ ձեռնարկությունների կապել իրար, բայց աշխատում ենք նաեւ ավելի գլոբալ առումով քաղաքականության վերաձեւավորման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար»,-ասաց դեսպանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ