Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիա-Հայաստան. միշտ սերտ համագործակցություն

Դեկտեմբեր 02,2016 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

– Պարոն դեսպան, նախ գնահատենք տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական զարգացող եւ տարեցտարի ամրապնդվող սերտ փոխգործակցությունը, վերջին տարիների քաղաքական կանոնավոր երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները, համագործակցությունը միջխորհրդարանական եւ բազմակողմ ձեւաչափերում, մշակութային, կրթական ակտիվ կապերը. որո՞նք են ձեռքբերումներն ու ակնկալիքներն ապագայի համար:

– Մեր երկրների միջեւ առկա է քաղաքական հագեցած երկխոսություն: Այս տարի Ֆրանսիայի կառավարության երկու անդամներ են այցելել Հայաստան. Զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերի պետքարտուղար տիկին Աննիկ Ժիրարդենը եւ Եվրոպական հարցերի պետքարտուղար պարոն Առլեմ Դեզիրը: ՀՀ արտգործնախարարն այս տարի երկու հանդիպում է ունեցել Փարիզում իր գործընկերոջ եւ պարոն Դեզիրի հետ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առիթով նախագահներ Սարգսյանը եւ Օլանդը հանդիպել են Վարշավայում: Դինամիկ են խորհրդարանական կապերը: Վերջապես՝ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ եւս այս տարի այցելել են Հայաստան: Նկատի ունեմ Բուշ-դյու Ռոն եւ Օ-դը Սեն դեպարտամենտների գլխավոր խորհուրդների ղեկավարներ պարոն Դեւեջյանին եւ տիկին Վասալին եւ, իհարկե, Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյին: Նախապատրաստման ընթացքի մեջ են նոր այցեր 2017-ի առաջին կիսամյակի համար: Օրեր առաջ «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը տոնեց իր Երեւան-Փարիզ թռիչքի տասնամյա հոբելյանը, իսկ թռիչքները շարունակ պահանջարկված են:

– Դեկտեմբերի 1-2-ը Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովն է: Որո՞նք են համաժողովի առաջնահերթությունները, ի՞նչն է կյանքի կոչվել, եւ որո՞նք են հետագա ծրագրերը:

– Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը անցկացվում է Երեւանում: Այն հանրագումարի կբերի գյուղատնտեսությանը, կայուն զբոսաշրջությանը եւ տեղական տնտեսությանը նվիրված՝ 2013-ին Վալանսում ստանձնած հանձնառությունները: Երրորդ համաժողովը, որին մասնակցում են տարածքային ընտրված ղեկավարներ, միջազգային համագործակցության պատասխանատու պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆրանսիացի ձեռներեցներ (շուրջ 200 հոգի երկու կողմերից), պետք է նպաստի տեղական զարգացման, համագործակցության կարիքների, տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցներին առնչվող խնդիրների լավագույնս ճանաչմանը, համատեղ ծրագրերի իրականացման շուրջ տնտեսվարողների համախմբվածության որոնմանը: Կշեշտադրվեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վճռորոշ չորս ճյուղեր՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն եւ գյուղմթերքների իրացման հնարավոր շուկաներ, մասնագիտական կադրերի պատրաստում եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ քաղաքային ենթակառուցվածքներ: Երեւան եւ Լիոն քաղաքները քաղաքային զարգացման օրինակելի ծրագիր ունեն: Օ-դը Սեն դեպարտամենտը Տավուշի մարզի հետ բեղմնավոր գործունեություն է իրականացնում, իսկ Փարիզի քաղաքապետի այցի արդյունքում ի հայտ եկան համագործակցության նոր հնարավորություններ կրթության եւ ՏՏ ոլորտում: Կան նաեւ զբոսաշրջության եւ Հայաստանում տնտեսական աճին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ:

– Այս տարի նշվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման 15-ամյակը: Որքա՞ն շրջանավարտ է ունեցել համալսարանը, քանի՞սն են ըստ մասնագիտության աշխատում, քանի՞սն են շարունակում կրթությունը կամ աշխատանք գտել Ֆրանսիայում, եւ առհասարակ համալսարանի գլխավոր ձեռքբերումները որո՞նք եք համարում:

– Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանն ունի շուրջ 1500 շրջանավարտ: Միջին ցուցանիշով տարեկան 200 հոգի, որոնց երկու երրորդը՝ բակալավրի, մեկ երրորդը՝ մագիստրոսի դիպլոմով: Ուսումնառությունը մագիստրատուրայում շարունակողները կազմում են 72,2%: Սա դասավանդման արժեքն ընդգծող նշանակալի ցուցանիշ է Հայաստանի համար:

2005-2015թթ. ուսումնական տարիների կտրվածքով արված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շրջանավարտների 80%-ը աշխատում է իր մասնագիտությամբ, որոնցից 90%-ը՝ Հայաստանում: Ավելին, նրանք արագ են տեղ գտնում աշխատաշուկայում: Շրջանավարտների 65%-ը աշխատանք է գտնում համալսարանն ավարտելուց արդեն իսկ մեկ ամիս անց: Ուսումնառությունից հետո մի տարի աշխատանք որոնողների թիվն ընդամենը 7,4% է: Շրջանավարտների 60%-ն աշխատում է ծառայությունների, պետական ծառայության, բանկային, ապահովագրական ոլորտներում եւ շատ արագ ստանձնում պատասխանատու պոստեր, այդ թվում նաեւ կառավարության կազմում:

Համալսարանի գլխավոր ձեռքբերումը նրա կայունությունն է եւ գործունեությունը: Համալսարանը լիովին ներգրավվել է հայկական բուհական համայնապատկերի մեջ եւ համարվում է առաջադեմ փորձի կրթօջախ: Այն շատ հաղթաթղթեր ունի՝ Լիոն 3 համալսարանի տրամադրած կրկնակի դիպլոմ, բազմալեզվություն՝ ֆրանսերենի բարձրակարգ դասավանդմամբ: Այսօր նրա հեռանկարները միտված են գիտահետազոտական գործունեության եւ միջազգային գրավչության զարգացմանը, ընթացքի մեջ են գործընկերության նոր եզրեր որոնելուն ուղղված ծրագրեր Իրանի, Ռուսաստանի եւ անգամ հեռավոր Չինաստանի հետ:

– Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունները ի՞նչ տնտեսական ծրագրեր են իրականացնում, տնտեսական համագործակցության մակարդակը բավարա՞ր եք համարում եւ ի՞նչ ծրագրեր կան այս ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով: Ֆրանսիայից ի՞նչ ծավալի ներդրումներ են իրականացվում, եւ հետաքրքիր է, Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցությունն ազդեցություն ունենո՞ւմ է այդ ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության մակարդակի վրա:

– Ֆրանս-հայկական տնտեսական հարաբերությունները շատ ոլորտներ են ընդգրկում: Առաջինը՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) մարմնավորած զարգացման ոլորտն է: Գործակալությունն իր գործունեությունն ընդարձակում է Հայաստանում: 2013 թվականից սկսած կատարվել է ոչ պակաս, քան 127 միլիոն եվրոյի ներդրում, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի կառուցման համար: Վերջերս ԶՖԳ-ն 40 միլիոն եվրոյի վարկ հատկացրեց Հայաստանին: Նրա դուստր ձեռնարկություն Պրոպարկոն մասնավոր սեկտորի ֆինանսավորմանն ուղղված 20 միլիոն եվրոյի արտոնյալ վարկի պայմանագիր ստորագրեց Ամերիաբանկի հետ (ագրոբիզնես, էներգետիկ արդյունավետություն, առողջապահություն, կրթություն): ԶՖԳ-ի շնորհիվ Ֆրանսիան Հայաստանին վարկեր հատկացնող կարեւոր երկրներից մեկն է:

Երկրորդը ներդրումների ոլորտն է: Ռուսաստանից հետո Ֆրանսիան թիվ երկրորդ օտարերկրյա ներդրողն է Հայաստանում: Պետք է ընդունեմ, որ Օրանժի հեռանալը վատ տպավորություն թողեց պոտենցիալ ներդրողների վրա: Նոյեմբերի 17-ին Վեոլիայի կողմից Հայաստանի ջրամատակարարման եւ աղտոտված ջրերի մաքրման 800 միլիոն եվրո արժեքով եւ 15 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դրական ազդակ է գործարար համայնքի համար:

Երրորդ՝ առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտն ավելի դժգույն է. տարեկան 1,4% կամ 59,8 միլիոն եվրոյի առեւտրատնտեսական շրջանառություն: Այս առումով առաջընթացի լայն հնարավորություն կա:

Հայաստանը բոլորովին վերջերս է անդամակցել ԵԱՏՄ-ին՝ ասելու համար, թե այն ազդել է մեր երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների վրա: Կարծես այն առանձնապես չի խրախուսել եւ բացառությամբ մաքսային որոշ հարցերի՝ չի էլ խանգարել վերջիններիս: Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկությունները հետաքրքրվեն ավելի մեծ, ընդարձակ շուկայի ընձեռած հնարավորություններով: Մենք աշխատում ենք, որ Ռուսաստանում գործող ֆրանսիական ընկերություններն ավելի մոտիկից հետաքրքրվեն հայկական շուկայով:

– Հայաստանն ու Եվրամիությունը հաջորդ տարի կավարտեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ պատրաստ կլինեն այն ստորագրել: Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը եւ ծավալը, որ մենք ունենք ԵՄ-ի հետ: Այնուամենայնիվ, եթե առավել կոնկրետացնենք` ի՞նչ քայլեր է ԵՄ-ն ակնկալում ՀՀ իշխանություններից, ո՞ր ոլորտներում պետք է բարեփոխումներ իրականացվեն եւ ի՞նչ է առաջարկելու ԵՄ-ն Հայաստանի զարգացման տեսանկյունից:

– Ի սկզբանե ԵՄ կազմում Ֆրանսիան պայքարել է Հայաստանի հետ հնարավորինս հավակնոտ ապագա շրջանակային պայմանագիր կնքելու համար, որը համապատասխաներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Մենք կարծում ենք, որ Հայաստանը եւ ԵՄ-ն ընդհանուր շատ արժեքներ են կիսում: Մենք պետք է այս ընդհանուր հենքի վրա խորացնենք մեր քաղաքական եւ անվտանգության մասին երկխոսությունը, հնարավորության սահմաններում զարգացնենք մեր առեւտրական հարաբերությունները եւ ճյուղային համագործակցությունը տարբեր բնագավառներում: Հորիզոն-2020 ծրագրին Հայաստանի անդամակցությունը մեզ համար համագործակցության հետաքրքիր հնարավորություններ է բացում հետազոտության ոլորտում:

anonsi-hamar_033

Հայաստանը պետք է օգտվի Էրազմուս պլյուս եւ Կրեատիվ Եվրոպա ծրագրերին իր անդամակցությունից ՝ կրթամշակութային ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: ԵՄ-ն Հայաստանում կառավարմանը, մասնավոր սեկտորի օժանդակությանը եւ պետական կառավարման բարեփոխումներին ուղղված վարկեր հատկացնող ամենածանրակշիռ կառույցն է: Հուսով ենք, որ այն կնպաստի գյուղատնտեսության, էլեկտրոնային կառավարման, կրթության, մասնավոր սեկտորի, գործարար մթնոլորտի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի անկախության ոլորտների բարեփոխումներին: Այստեղ են Հայաստանի արդիականացման եւ զարգացման բանալիները: Քաղաքական տեսանկյունից մենք միջազգային այլ դերակատարների հետ կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարական ցանկացած զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակությունը եւ մարդու իրավունքների վիճակը:

 

– Հայաստանում ամեն տարի նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ համագործակցությունն այս ոլորտում ինչպե՞ս կգնահատեք: Օրերս տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանը: Ի՞նչ արդյունքներ, պլաններ կան:

– Ֆրանկոֆոնիայի օրերն այս համագործակցության մեծ ժողովրդականություն վայելող ասպեկտներից մեկն են: Այդուհանդերձ, ֆրանսերենի եւ ֆրանկոֆոն երկրների մշակույթների խթանումը տեղի է ունենում բազմաթիվ ծրագրերի միջոցով, որոնց անդրադարձել եմ կառավարության անդամների հետ վերջերս ունեցած իմ հանդիպումների ժամանակ: Առաջին բնագավառը, որտեղ կարող ենք ուժեղացնել մեր գործընկերությունը, անշուշտ, ֆրանսերենի դասավանդումն է: Ունենք շատ հաստատություններ՝ ֆրանսիական դպրոց, Ալիանս Ֆրանսեզ, հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնարան, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ, որոնց հեղինակությունը եւ գործունեությունը պետք է բարձրացնենք եւ ուժեղացնենք հայկական իշխանությունների օժանդակությամբ:
Սակայն ֆրանկոֆոնիայի տարածումն անցնում է նաեւ ֆրանկոֆոն ԶԼՄ-ների մատչելիության հանրայնացմամբ (ինչպես TV5 Monde-ը), ֆրանսերենի ներկայությամբ առօրյա կյանքում (ցուցանակներ թանգարաններում եւ զբոսաշրջության վայրերում) կամ ժամանակակից ֆրանկոֆոն կինոյի եւ երաժշտության նկատմամբ հայ հասարակության պահանջարկով: Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ՝ Հայաստանը դերակատարություն ունի Ֆրանսիայի սահմաններից դուրս եւ հինգ մայրցամաքներում հաստատված 274 միլիոն ֆրանկոֆոններին առնչվող լեզվամշակութային նման ներկայությանը նպաստելու գործում:

Սույն թվականի նոյեմբերի 25-26-ը Անտանանարիվոյում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը: Այն քննարկման կենտրոնում ավելի մեծ տեղ հատկացրեց երիտասարդությանը՝ իր աշխատանքներում ներգրավելով 200 երիտասարդների կազմակերպության անդամ բոլոր երկրներից: Սա կառույցի դինամիկայի եւ երիտասարդ սերնդին հերթափոխը հանձնելու կամքի լավագույն ազդակ է: Միջազգային հաստատություններում 2006-2016թթ. ժամանակահատվածի կտրվածքով ֆրանսերեն լեզվի վերահսկման զեկույցի արդյունքում անդամ պետությունները դիմեցին ֆրանսերեն լեզվի պաշտպանությանն ուղղված ավելի վճռական միջոցներ ձեռնարկելուն: Ողջունում եմ հայ դիվանագետներին եւ պետական պաշտոնյաներին՝ միջազգային ատյաններում եւ ասպարեզներում ֆրանսերենն օգտագործելու Հայաստանի տված հրահանգը: Այդուհանդերձ, շատ ոլորտներում դեռեւս ջանքեր պիտի գործադրվեն:

Անշուշտ, ողջունում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պետության եւ կառավարության ղեկավարների Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականին Երեւանում կազմակերպելը Հայաստանին վստահելու որոշումը: Նկատի ունենալով 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի համընդհանուր հավանության արժանացած հաջողությունը՝ վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները եւ ժողովուրդը կատարելապես կստանձնեն այդ մեծ պատասխանատվությունը եւ այդ իմաստով կվերահաստատեն իրենց հանձնառությունն ի նպաստ Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի եւ հինգ մայրցամաքներում գործածվող ֆրանսերեն լեզվի: Ի դեպ, հուսով եմ, որ այդ գագաթնաժողովը, հատկապես TV5-ի միջոցով, կօժանդակի Հայաստանում ֆրանսերեն լեզվի ամրապնդմանը:

– Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, ինչպե՞ս է գնահատում ԼՂ կարգավորման բանակցային ներկայիս փուլը: Ինչո՞ւ չկազմակերպվեց Փարիզի հանդիպումը նախագահների ձեւաչափով, որի մասին բավական ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում: Միջնորդների ներկայացրած` զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման պահանջը Ադրբեջանը մերժում է, ինչը վկայում է այն մասին, որ Բաքուն չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը: Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղ բանակցություններում պայմանավորվածությունների պահպանումը, եթե որեւէ երաշխիք չկա, որ չեն կրկնվի ռազմական գործողությունները:

– Քսան տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն անընդմեջ հակամարտող կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման առաջարկներ: Ֆրանսիան, ինչպես Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, ջանք չի խնայել, որպեսզի «քառօրյա պատերազմից» հետո կողմերը կրկին վերադառնան դիվանագիտական դինամիկային: Վերջերս Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում առաջարկված վստահության մեխանիզմները կենսագործելու եւ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթաց սկսելու նպատակով: Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտին շարունակում է ակտիվ խորհրդակցությունները: Նա շուտով կայցելի Հայաստան: Դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարների ժողովը բարձր մակարդակի երկխոսության առիթ է: Սակայն երկխոսության առաջխաղացման համար կողմերը պետք է հաշտեցման ոգի դրսեւորեն եւ պատրաստ լինեն կյանքի կոչելու ստանձնած հանձնառությունները: Ֆրանսիան միշտ հայտնել է կողմերին բարձր մակարդակով ընդունելու իր պատրաստակամությունը, ինչպես 2014-ի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի պարագայում, բայց նման հանդիպումները պետք է օգտակար լինեն եւ արդյունքների հանգեցնեն:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031