Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կավելանան, եւ մեր տնտեսությունը, պատկերավոր ասած, մի քիչ թթվածին կստանա։ Դա, բնականաբար, կախված է Ռուսաստանի տնտեսական վիճակից։ Դեռ անցած տարվա աշնանը ՌԴ պաշտոնյաները հավաստիացնում էին, որ իրենց տնտեսությունը արդեն հասել է «հատակին» եւ շուտով կսկսի աճել։ Այս տարի արդեն նման պնդումներ անող պաշտոնյաներ չկան։
Իսկ տնտեսական անկախ վերլուծաբանները պնդում են, որ տնտեսական ընդհանուր վիճակը ՌԴ-ում դեռ կշարունակի վատթարանալ նաեւ հաջորդ տարի։ Այլ կերպ ասած, մասնավոր տրանսֆերտների էական աճ առաջիկայում դժվար է ակնկալել։
Այս տարի, բացի նրանից, որ նվազում է մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, նկատվում է նաեւ մեկ այլ երեւույթ, որը նորություն է։ Աճում են Հայաստանից արտերկիր հոսող մասնավոր տրանսֆերտները։ Օրինակ, եթե անցած տարվա առաջին 10 ամիսներին մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստանից արտահոսել է 598 միլիոն դոլար, ապա այս տարի արտահոսքի ծավալը կազմում է արդեն 641 միլիոն դոլար։
Թե ինչով է սա պայմանավորված, հստակ վերլուծություններ չկան։ Ըստ որոշ գնահատականների՝ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ սովորաբար արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների մի մասը իրենց ծախսերը օպտիմալացնելու նպատակով իրենց հետ տարել են նաեւ ընտանիքները, Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը վաճառել են, գումարները տարել ՌԴ եւ հաստատվել այնտեղ։ Գույքի վաճառքից ստացված գումարների փոխանցումն էլ հենց եղել է այդ արտահոսքի զգալի աճի պատճառը։
Կարդացեք նաև
Դա թերեւս հիմնավորվում է ԿԲ-ի հրապարակած տեղեկանքով։ Անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան Հայաստանից արտահոսել է 245 միլիոն դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 280 միլիոն դոլար։ Այս երեւույթի համար թերեւս խթան է հանդիսացել այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայաստանցիների համար ՌԴ տեղափոխվելու եւ այնտեղ աշխատելու խոչընդոտները ըստ էության վերացել են։
Իսկ ահա դեպի ԱՄՆ արտահոսքը նվազում է։ Եթե անցած տարվա 10 ամիսներին դեպի ԱՄՆ արտահոսքը մոտ 81 մլն դոլար է կազմել, ապա այս տարի՝ 66 մլն դոլար։
Մի խոսքով, մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, եւ այդ կախվածությունը կարող է նվազել մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ միայն։ Սակայն այդպիսի փոփոխությունների հեռանկարներ գործնականորեն առայժմ չեն երեւում։ ՛Ուստի մենք նախկինի պես շունչներս պահած պետք է հետեւենք, թե որքան է կազմել մասնավոր տրանսֆերտների ծավալը և, ըստ այդմ, կանխատեսել, թե առաջիկայում ինչպիսին կլինի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում