Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ պատվիրան հայ մարդու համար

Դեկտեմբեր 02,2016 15:30

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

– Համագումարը ավարտվեց, անձերի հետ կապված ինտրիգը, որ վերջին շրջանում անընդհատ քննարկման առարկա էր, բացահայտվեց: Մնաց այն, ինչ ունենք: Իրականում ի՞նչ տվեց համագումարը եւ ի՞նչ խնդիրներ դրեց:

– Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարից հետո, որը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսին, ընդամենը 2 տարի է անցել, բայց անցած այս ժամանակահատվածին ուղղված անգամ հպանցիկ հայացքը ցույց է տալիս, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվել Հայաստանում. մենք իրականացրեցինք Սահմանադրության փոփոխություններ եւ քայլ առ քայլ գնում ենք իրականություն դարձնելու համաժողովրդական հանրաքվեով հաստատված պետական կառավարման մոդելի փոփոխության գաղափարը:

Այս իմաստով շատ կարեւոր է ոչ միայն Հանրապետականի դերակատարությունը, այլեւ հասարակություն-Հանրապետական կուսակցության առաջնային օղակներ՝ տեղական կառույցներ կապը, որի մասին ՀՀ նախագահը խոսեց շատ ընդգծված:
Այս համատեքստում ՀՀ նախագահի խոսքի մեջ հնչեց այն միտքը, որ Հանրապետականը իսկապես առանձնանում է իր հռչակած արժեհամակարգին եւ քաղաքական կուրսին հավատարմության իմաստով: Մենք ունենք մեր նպատակներն ու ծրագրերը եւ աշխատում ենք դրանք իրականացնել հնարավորինս արագ: Մենք պահպանողական ուժ ենք, բայց դրանով հանդերձ՝ եղել եւ մնում ենք հասարակության մեջ փոփոխությունների շարժիչը: Սա վերաբերում է ոչ միայն սահմանադրական փոփոխություններին, այլ վերջին տարիներին եւ ամիսներին կատարվող մյուս փոփոխություններին եւս: Այս իմաստով ՀՀ նախագահը ընդգծեց անցումային շրջանում Հանրապետականի՝ որպես համախոհների թիմի եւս մեկ առաքելություն՝ հանդես գալ որպես առաջնորդող, սկզբունքային եւ հակասությունները հարթող ուժ:

– Կուսակցությունը համալրվում է նոր դեմքերով, ՀՀԿ-ի համար սա սկզբունքային հա՞րց էր:

– Մեր շարքերը մշտապես համալրվում են, եւ սա լավագույն վկայությունն է նրա, որ կուսակցության գաղափարները մեկուսի, քարացած չեն, այլ ապրող, ծավալվող եւ զարգացող են: Ընտրությունից ընտրություն մենք ամրապնդում ենք մեր դիրքերը քաղաքական դաշտի մեծացող մրցակցության պայմաններում: Երկրի ամենամասսայական կուսակցությունը, այդ իմաստով, կենդանի օրգանիզմ է, իր հսկայական կազմակերպչական աշխատանքով եւ շարժով՝ թե՛ ներս եւ թե՛ դեպի դուրս, որի մասին եւս նախագահը խոսեց իր ելույթի մեջ:

– Համագումարը նախընտրակա՞ն էր:

– Մենք բազմիցս ենք բարձրաձայնել քաղաքագիտական դասագրքային այն ճշմարտությունը, որ հաջորդ ընտրություններին պատրաստվելը պետք է սկսել նախորդ ընտրության հաջորդ օրվանից: Ուստի իրեն հարգող կուսակցության յուրաքանչյուր համագումար՝ ուզեք, թե չուզեք, իր մեջ նախընտրականության երանգներ պարունակում է:
Փոփոխված Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով առաջին անգամ 2017թ. ապրիլին մենք գնալու ենք 100 տոկոս համամասնական ընտրության: Իհարկե, մեզ համար շատ կարեւոր է ընտրություններում հաղթանակը, որովհետեւ դա նախապայման է ծրագրերը շարունակելու համար, բայց համագումարի իր զեկույցի մեջ ՀՀ նախագահը եւս մեկ անգամ ընդգծեց այն միտքը, որ մեզ պետք է լեգիտիմ հաղթանակ, որը վստահությամբ է նվաճված: Նույն ոգով այսօր էլ ՀՀ նախագահը խնդիր դրեց կուսակցության առջեւ՝ մեզ անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն, սակայն՝ ոչ ամեն գնով: Այդ քվեին մենք պետք է արժանանանք արդար եւ ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում կամ ՀՀ նախագահի ձեւակերպմամբ՝ անբիծ ընտրությունների արդյունքում:

Այս ճանապարհով է միայն, որ մենք կարող ենք իրականացնել մեր ազգային երազանքն ու նպատակը՝ ուժեղ Հայաստանը:

– Նախագահի զեկույցի մեջ մեծ ուշադրություն էր դարձված տնտեսության խնդիրներին: Բայց անհասկանալի էր՝ ինչո՞ւ էր համեմատությունը տարվում 2007-ի եւ ներկայիս իրողությունների միջեւ:

– Այո, տնտեսությանը եւ առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելը, իսկապես, բոլորիս ուշադրության թիվ մեկ առարկան է: Եվ գալիք տարիների փոփոխությունների ճշգրիտ ընթացքը եւ բովանդակությունը ապահովելու համար խիստ կարեւոր է ճիշտ վերլուծականը, կատարվածի, նախորդող գործընթացների ճշգրիտ բնութագրումը: Համագումարում զեկույցի՝ տնտեսությանը առնչվող մասի ժամանակային հատվածի ընտրությունը առաջին հերթին բացատրվում է նրանով, որ 2007-ից սկսած Սերժ Սարգսյանը, որպես երկրի վարչապետ, իսկ ՀՀԿ-ն, որպես ընտրողների քվեն ստացած ուժ, պատասխանատվություն ստանձնեցին երկրի տնտեսական զարգացման համար: Մենք ներկայացրել ենք ընտրողին նախընտրական ծրագիր 2007-2012թթ.-ի, իսկ հետո՝ 2012-2017թթ.-ի համար, այսինքն՝ սա իրոք տրամաբանական հենք է այս հարցում: Երկրորդ պառճառը՝ որ անմիջապես դրան հետեւեց նաեւ պատմության մեջ խոշորագույն ֆինանսատնտեսական ճգնաժամը, եւ կարեւոր է առանձնացնել արտաքին գործոնների եւ ներքին քաղաքականության ազդեցությունները մեր տնտեսական զարգացումների վրա:

– Առաջին անգամ նախագահի ելույթը բաղկացած էր երկու մասից՝ հաշվետվություն եւ ապագայի խնդիրներ, ինչո՞վ էր սա պայմանավորված:

– Կարծում եմ, որ ելույթի երկրորդ հատվածը, որտեղ ապագայի խնդիրներն էին արծարծվում, կարելի է համարել բոլոր ժամանակներում հայ ժողովրդի ապագայի խնդիրների լուծման բանաձեւ: Այն 7 խորհուրդները, որով նախագահը հանդես եկավ, իսկապես, 7 պատվիրաններ են հայ մարդու համար, պատվիրաններ, որոնք կարող են մշտապես, բոլոր ժամանակներում լինել հայի ուղեցույցը: Այդ 7 խորհուրդները նախագահ Սարգսյանի ողջ գործունեության, պետական կառավարման երկարամյա աշխատանքի, հայրենիքին ծառայելու եւ պայքարի իմաստավորումն էր՝ խտացված կերպով ներկայացված որպես խորհուրդ, եզրահանգում կամ ապագայի դաս: Այդ եզրահանգումների մեջ արժեւորված են մեր ժողովրդի ազատությունը, մեր անկախ պետականությունը, օրենքը եւ օրինականությունը, երկրի ներսում միասնականությունը եւ ներդաշնակությունը, ստեղծագործ աշխատանքի ընդունակությունը, հայի եւ հայաստանցու առաջընթացին ուղղված գործունեությունը, մեր ժողովրդի անցյալով զորեղացած՝ դեպի ապագան գնալու, յուրաքանչյուր քաղաքացու իր բաժին ժամանակն ու իր պարտականությունը վերաիմաստավորելու պահանջը:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

01.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031