Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորը Հայաստանի հանգստավայրերում՝ 3000 դոլար, Վրաստանում՝ 350

Դեկտեմբեր 02,2016 15:00

Ինչու են մեր երկրից գումարները հոսում օտարերկրյա հանգստավայրեր

Ծաղկաձորում բարձրակարգ համարվող հյուրանոցներից մեկն ամանորյա փաթեթ է առաջարկում` մեկ անձը 1 միլիոն 200 հազար դրամով: Փաթեթը ներառում է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը, երեքանգամյա սնունդ, ամանորյա շոու ծրագիր: Գրեթե նույն արժեքին են` մի քիչ ավելի կամ պակաս, այս եւ Հայաստանի այլ հանգստավայրերի այդ կարգի հյուրանոցների, հանգստյան տների ամանորյա փաթեթները: Ավելի ցածր կարգի զվարճանքի ու հանգստի օբյեկտներն էլ առանձնապես մատչելի չեն, առաջարկում են դրա կես գինը, որտեղ միայն նախաճաշն է, ծառայություններն էլ` սահմանափակ:

Փոխարենը բավականին մատչելի ու «հարմարավետ» պայմաններով առաջարկներ այս օրերին ներկայացնում են արտասահմանյան տուրփաթեթները: Եթե Ամանորի նախաշեմին Հայաստանում հանգստի գները բարձրանում են, արտերկրում ընդհակառակը` իջնում: Բարձրակարգ հյուրանոցները, որոնք սովորական, ոչ տոնական օրերին մեկ անձի համար գանձում են 70-80 դոլար, ապա ամանորյա հարմարավետ փաթեթներ են մշակում` մեկ օրվա արժեքը գրեթե կիսով չափ զեղչելով:

Երբ խոսք է գնում Հայաստանի եւ արտերկրի հանգստավայրերի միջեւ գնային տարբերությունների մասին, մեր երկրի տուրիզմի պատասխանատուները մշտապես պնդում են, որ մեզ մոտ գները բարձր չեն: Իսկ թե ինչո՞ւ են մեր հայրենակիցները գերադասում հարյուր հազար դրամներ խնայելով հանգստանալ այլ, այդ թվում եւ մեր հարեւան երկրում` տուրիզմի ոլորտի պատասխանատուները բացատրություն չունեն: Եթե կպատճառաբանեն, որ կոնկրետ Վրաստանի պարագայում ծովի հանգամանքն է դեր խաղում, ապա ձմռանն այդպիսի պատճառաբանություն չեն կարող բերել: Այս օրերին համացանցը լցված է Վրաստանի հանգստավայրերի գովազդով` մեկը մեկից հետաքրքիր ու մատչելի առաջարկներով: Եվ ակնհայտ է, որ հենց մրցակցության արդյունքում է ձեւավորվել մատչելի գինը:

Գրեթե բոլոր հանգստյան տները, հյուրանոցները իրենց գները Ամանորի համար իջեցրել են` մշակելով զբոսաշրջիկի համար ճկուն ու գրպանին հարմար տուրփաթեթներ` արժեքում ներառելով անգամ Երեւան-Թբիլիսի-Երեւան փոխադրամիջոցը:
Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիում 4 աստղանի հյուրանոցը մեկ անձին առաջարկում է 6 օր հանգստանալ 190 հազար դրամով` ներառյալ ճանապարհածախսը, ամանորյա գալա ընթրիքը, շոու բիզնեսի հայտնի աստղերի ելույթները եւ այլ ծառայություններ: Ավելի մատչելի փաթեթներ էլ կան` 250-350 դոլար, որը համարժեք է 120-170 հազար դրամի, որոնք բացի ճանապարհածախսից՝ նաեւ շրջագայություններ են ներառում Վրաստանի այլ տեսարժան վայրեր:

Մեկ անձը 400-500 հազար դրամով` 800-ից 1000 դոլար, 7-8 օրյա փաթեթներ են առաջարկում Արաբական Միացյալ Էմիրությունների հանգստավայրերը` ավիատոմսը ներառյալ: Պրահայում էլ Ամանորը անցկացնելու դեպքում Հայաստանից մեկնողի համար 5-օրյա փաթեթը կարժենա 750-800 եվրո:

Եգիպտոսի հանգստավայրերը Ամանորի համար նույնպես մատչելի առաջարկներ են ներկայացնում. 10-օրյա փաթեթը, որում ներառված են անսահմանափակ սնունդը, շոու ծրագրերը, ավիատոմսը Երեւանից եւ հյուրանոցային այլ ծառայություններ, մարդիկ կարող են ձեռք բերել 950-1000 դոլարով, այսինքն` շատ ավելի մատչելի, քան մեր հանգստյան տներն են առաջարկում:

Իտալիայի ամանորյա առաջարկները նույնպես մատչելի են մյուս սեզոնի համեմատությամբ: Տուրօպերատորները 650-750 եվրոյին համարժեք դրամով տուրփաթեթներ են առաջարկում Իտալիայում 5 օր անցկացնելու համար:
Այս սեզոնին մոտ 200-250 դոլարով նվազել են նաեւ Երուսաղեմի ամանորյա տուրփաթեթները` 8-օրյա ճամփորդության համար առաջարկելով 1000-1100 դոլարի փոխարեն վճարել 800-850 դոլար:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031