ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը մտահոգված է. Հայաստանում բնակչության 50 տոկոսը կանայք են, մինչդեռ խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 10 տոկոս է: «Տեսնենք առաջիկա խորհրդարանում ինչպիսի՞ն կլինի կանանց ներգրավվածությունը»,- այսօր նման կարծիք հայտնեց դեսպանը` «Հոդված 3» ակումբում`«Կանանց տնտեսական զորեղացում և ներգրավում. ոչ միայն կանանց իրավունք, այլև պետության զարգացման գրավական» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:
Տիկին դեսպանը կարծում է, որ կանանց ներգրավվածությունը տնտեսության եւ քաղաքականության մեջ ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը:
Հիշեցնենք, անցած տարի իրականացված սահմանադրական բարեփոխումներով ավելացվել է կանանց ներգրավվածությունը խորհրդարանական աշխատանքում: Այսուհետ կլինի` 25-75 հարաբերակցություն: Այսինքն, ընտրական ցուցակի յուրաքանչյուր չորրորդը պետք է կին լինի: 2021-ից այդ հարաբերակցությունը նախատեսվում է դարձնել 30-70: ՀԿ-ները պայքարում էին, որ այս համամասնությունը լինի 2017-ից, բայց չհաջողվեց:
Դեսպանի խոսքի մանրամասները`տեսանյութում:
Կարդացեք նաև
Տիկին դեսպանը նշեց, որ գենդերային հավասարությունը եւ կանանց իրավունքների պաշտպանությունը Բրիտանիայի կառավարության առաջնահերթություններից է: Վերջերս Բրիտանիայի կառավարությունը մի արշավ է առաջնորդել, որի նպատակն էր վերջ տալ կանանց եւ աղջիկների նկատմամբ սեռական բռնություններին: Սեպտեմբերին էլ Բրիտանիայի կառավարությունը նախաձեռնել է «Աշխատանք եւ հնարավորություն բոլոր կանանց համար» ծրագիրը, որի նպատակն էր բիզնեսի հետ համագործակցության արդյունքում կանանց համար ապահովել ներգրավվածություն տնտեսական հարցերում: Դեսպանն ասաց, որ Հայաստանում Բրիտանական դեսպանատունը ևս աջակցում է այդ ծրագրերին, մի շարք միջոցառումներ են իրականացնում: Աջակցում են նաեւ ՀՀ արդարադատության նախարարությանն այն ծրագրերում, որոնք միտված են կանանց դերի մեծացմանը:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը եւ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, լրագրող Գայանե Աբրահամյանն էլ ներկայացրեցին իրենց տպավորությունները`վերջերս Լոնդոնում կայացած «Ապագայի կանայք» համաժողովից, որին մասնակցել էին:
Լիլիթ Ասատրյանը նշեց, որ համաժողովում յոթ ինդիկատորներ են վեր հանվել, որոնք հստակեցնում են պատկերը, թե կոնկրետ երկրներն ինչքանո՞վ են կանանց մասնակցությունը խրախուսում: Պարզվում է, որ չկա մի երկիր, որ այդ ցուցիչներից գոնե մեկը չունենա: «Ցավոք ՀՀ-ն էլ այդ երկրներից է, որոնք սահմանափակում ունեն ընդունված յոթ ինդիկատորների թվով: Ինչո՞ւ կանայք համապատասխան մասնակցություն չունեն հատկապես տնտեսական ոլորտում, առաջինը վստահության պակասն է ուրիշների հանդեպ»,-ասաց նա` հավելելով նաեւ, որ Հայաստանում ընտանիքի կողմից աջակցության, այսպես ասած, հասարակական կարծիքի մասով էլ է դեռ շատ բաց: Բանախոսների կարծիքով՝ կանանց դերի բարձրացման հարցում կրթությունը շատ կարեւոր է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ