Լրահոս
Օրվա լրահոսը

Նա երկնքում եղել է 2553 թռիչքաժամ

Դեկտեմբեր 02,2016 14:30

Մայոր Ֆելիքս Մուրադյանը 1993թ. հատուկ հանձնարարությամբ փրկարարական աշխատանքներ է կատարել Վրացական Հանրապետությունում: Վրացի փախստականները Աբխազիայից դուրս գալուց հետո իրենց անձնական մեքենաներով Սվանեթիի տարածքով դուրս էին եկել Սակինի լեռնացք եւ մնացել էին անօթեւան եւ առանց սննդի: Հայկական երկու ուղղաթիռներից մեկը քաղաքացիական էր, որի հրամանատարն էր նախկին դօսաաֆական պլաներիստ, այնուհետեւ` մեծ փորձ ունեցող օդաչու Թոֆիկ Ալավերդյանը, որը Հայաստանում համարվում էր ուղղաթիռների առաջին հրամանատարներից մեկը: Մյուս ուղղաթիռը ռազմական էր, որի անձնակազմում էին Արամ Մաթեւոսյանը, Ֆելիքս Մուրադյանը եւ Արթուր Հայրապետյանը: Օդաչուները 17 օր շարունակ` կատարելով օրական 8-ից ավելի թռիչքներ, ժողովրդին լեռնացքից բարեհաջող փոխադրեցին Քութայիս:

1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում աղետի մեջ հայտնված մարդկանց օդային տրանսպորտով փրկելու գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության եւ խիզախության համար 1994թ. ապրիլին ՀՀ կառավարությունը պարգեւատրեց Ֆելիքս Խաչատուրի Մուրադյանին շնորհակալագրով, քանի որ Հայաստանում դեռեւս չկային շքանշաններ եւ մեդալներ: 1994թ. Ֆ. Մուրադյանը հիմնականում կատարել է մարտական հերթապահություն, պահպանելով Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի օդային սահմանները: 1994թ. ստացել է ավիացիայի մայորի կոչում:
Նա 2001թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության 1-ին աստիճանի» մեդալներով եւ բազմաթիվ պատվոգրերով:
Ֆելիքս Մուրադյանը կատարել է 4887 պարաշյուտային թռիչք եւ երկնքում եղել` 2553 թռիչքաժամ:

Մայոր Ֆելիքս Մուրադյանն այսօր մեր կողքին է, ով է նա, ինչ ճանապարհ է անցել, արդյոք ճանաչո՞ւմ ենք մեր կողքին ապրողներին:

Ծնվել է 1950թ. օգոստոսի 22-ին Երեւանում: Բոլոր պատանիների նման նա էլ է երազել օդաչու դառնալ: 1965-1966թթ. ուսումնական տարում փորձում է ընդունվել ԴՕՍԱԱՖ-ի Երեւանի ավիացիոն ակումբի պլաներային բաժինը` իրականացնելու իր երազանքը, բայց չընդունվեց, քանի որ չէր լրացել Ֆելիքսի 16 տարին: Բայց դա նրան չխանգարեց, որ ամեն թռիչքային օր գա Արզնիի օդանավակայան օգնելու ընկերներին, հրահանգիչներին ու տեխնիկներին` պատրաստելու պլաներները եւ «Յակ-12» ինքնաթիռը թռիչքի: «Յակ-12»-ի օդաչու-հրահանգիչ Գենադի Աստրաուխովը, որպես պարգեւ, շատ անգամ Ֆելիքսին օդ է բարձրացրել եւ պատանու մոտ սերը դեպի ավիացիան ավելի է զորացել:
1966-1967թթ. Ֆելիքս Մուրադյանի անունն առաջինը գրվեց պլաներային խմբակի ուսումնական ցուցակում: Տեսական մասը 6 ամիս սովորելուց հետո, բարեհաջող հանձնելով բոլոր քննությունները, նա 1967թ. մարտի 29-ին կատարեց իր 1-ին պարաշյուտային թռիչքը` Զոյա Վասիլեւնան էր իր օդաչու-պարաշյուտիստ-հրահանգիչը: Այնուհետեւ սկսվեց պլաներային թռիչքը: 1967թ. օգոստոսի 12-ին «ԿԱԻ-12 Պրիմորեց» պլաներով Ֆելիքսն իր 1-ին ինքնուրույն թռիչքը կատարեց, իսկ պլաներային սպորտի վարպետ, Հայաստանի հավաքականի անդամ Գալինա Մարտովան էլ հրահանգիչն էր: Նախքան զորակոչվելը ԽՍՀՄ ԶՈՒ, 1970թ. նա արդեն ուներ 115 պարաշյուտային թռիչք եւ 57 թռիչքային ժամ, այդ թվում՝ 12 ժամ «Յակ-18Ա» ինքնաթիռով: Ծառայեց Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքի Օզյորնի ավանի մոտ տեղակայված կործանիչ ավիագնդում որպես պարաշյուտիստ-հարդարող, իսկ 3 ամիս հետո նշանակվեց հրահանգիչ-պարաշյուտիստ: Դա զինվորի հաստիք չէր: Բայց Ֆելիքս Մուրադյանը ավիագնդի հրամանատարի հրամանով նշանակվել էր ավագ սերժանտ Չուբի տեղը, որը կոտրել էր ոտքը: 1972թ. զորացրվելուց հետո Ֆելիքս Մուրադյանն աշխատանքի է անցել ԴՕՍԱԱՖ-ի Երեւանի ավիաակումբում որպես հրահանգիչ-պարաշյուտիստ, այնուհետեւ օդաչու-հրահանգիչ-պարաշյուտիստ: Նա վերապատրաստվեց Մոսկվայի ավիաակումբում եւ Վոլչանսկի օդաչուական ուսումնարանում՝ որպես հրահանգիչ ստանալով բարձրակարգ որակավորում:
Միաժամանակ Ֆելիքս Մուրադյանը պատրաստում է նաեւ բազմաթիվ սկսնակ սպորտսմեն-պարաշյուտիստներ, որոնցով հետագայում համալրում է Հայաստանի հավաքականը դասական եւ բազմամարտի պարաշյուտային ձեւերում: Նա հատկապես պարաշյուտային բազմամարտի (լող, հրաձգություն «ՍՄ-2» հրացանով, վազք 3 կմ, պարաշյուտային մարզաձեւ) Հայաստանի հավաքականի մարզիչն էր: Ավագ մարզիչը հանգուցյալ Վոլոդյա Կարապետյանն էր:

feliqsruz2
Ֆ. Մուրադյանը մասնակցել է բազմաթիվ միութենական պարաշյուտային մրցումների՝ որպես մարզիչ եւ մարզիկ:

1970-ականների կեսերից մարզիկների պատրաստման գործում Վոլոդյա Կարապետյանի եւ Ֆելիքս Մուրադյանի նախաձեռնությամբ մեծ ուշադրություն դարձվեց հայազգի մարզիկների պատրաստմանը:

Ընդ որում, հատուկ հավաքագրվեցին 15 տարեկանից սկսած հայ պատանիներ եւ աղջիկներ: Ուժեղ կարգապահությունը եւ սերը դեպի մարզաձեւը, ինչը վարպետորեն մատուցվում էր Ֆ. Մուրադյանի կողմից, օգնեց պատրաստել բազմաթիվ հայ մարզիկներ, որոնք հետագայում համալրեցին Հայաստանի պարաշյուտային սպորտի հավաքականը: Այն բազմիցս մասնակցեց համամիութենական մրցումներին: Ֆելիքս Մուրադյանի պատրաստած պարաշյուտիստներից շատերն այժմ ՀՀ ԶՈՒ-ում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ:

Մայոր Ֆ. Մուրադյանը ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրերից Հայաստանի կառավարության կոչով կամավոր կերպով անցավ ծառայության ՀՀ ռազմաօդային ուժերում: Ունենալով պարաշյուտիստ-հրահանգչի մեծ փորձ, որը ձեռք էր բերել ԴՕՍԱԱՖ-ում, Ֆ. Մուրադյանը վերապատրաստվելով ՀՀ Ավիացիայի գլխավոր վարչության Ազգային ավիացիոն դպրոցում եւ գերազանց հանձնելով ուսման լրիվ դասընթացը, նշանակվում է «ՄԻ-8 ՄՏՎ» ուղղաթիռի ավագ օդաչու` պարաշյուտա-դեսանտային եւ որոնողա-փրկարարական ծառայության պետի պաշտոնում: Միաժամանակ թռիչքներ է կատարում «ՄԻ-8» ուղղաթիռներով՝ որպես օդաչու-շտուրման:

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ հատուկ նշանակության զորքերի պարաշյուտային նախապատրաստման գործում:
Մայոր Ֆ. Մուրադյանը որպես օդաչու-շտուրման սահմանային գոտիներում կատարել է մի շարք առաջադրանքներ, մասնակցելով բոլոր մարտերին ԼՂՀ-ում` որտեղ անհրաժեշտ է եղել ավիացիայի օգնությունը:

 
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

01.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031