Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեգակը» երկրորդ անգամ հաղթեց «Բեւեռին»

Դեկտեմբեր 02,2016 14:00

Հայաստանում գործող ընկերությունների միջեւ հաճախ են կնքվում առուվաճառքի պայմանագրեր, որոնց չկատարումը հաճախ հանգեցնում է կրկնակի վնասների: Գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ «եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը»։

Նոյեմբերի 24-ին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն ավարտեց այս տարվա հունվարից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված «Արեգակն» ընդդեմ «Բեւեռի» գործի քննությունը, հրապարակվեց դատարանի վճիռը:

«Արեգակը» երկրորդ անգամ հաղթեց պատասխանող, ապա բողոքաբեր «Բեւեռին»: Հօգուտ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ պատասխանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից կբռնագանձվի 6.393.600 ՀՀ դրամ, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի գումարը` 127.872 ՀՀ դրամ։

Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի կողմից հունվարի 18-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել «Արեգակ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ` փաստաբան Կարապետ Բադալյանի կողմից հայցադիմումն ընդդեմ «Բեւեռ կոմպյուտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանը բավարարել էր հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին փաստաբանի միջնորդությունը եւ 6.393.600 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրել պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա` մինչեւ սույն քաղաքացիական գործի ըստ էության քննությունը։

Իհարկե, հետեւել էր «Բեւեռ կոմպյուտեր» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ստեփան Լեփյանի միջնորդությունը՝ հայցի ապահովումը վերացնելու մասին, սակայն դատարանը մերժել էր այն:
Ի դեպ, առաջին ատյանում դատարանը գործը քննել է պատասխանող կողմի բացակայությամբ։

Դատարանի հետեւությունների համաձայն, պատասխանող ընկերությունը զրկված չի եղել քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու կամ իր ներկայացուցչի ներկայությունն ապահովելու հնարավորությունից։

Տվյալ դեպքում գործի դատաքննությունը կայացվել է պատասխանող կողմի բացակայությամբ` ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներից։

Հայցվորի՝ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության եւ պատասխանողի՝ «Բեւեռ կոմպյուտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ առուվաճառքի պայմանագրով պատասխանողը պարտավորվել էր վճարի դիմաց «Արեգակին» հանձնել ծրագրային ապահովման 36 ամսվա արտոնագիր։ 3.196.800 ՀՀ դրամ նախավճարը ստանալուց հետո, ըստ դատարան ներկայացված փաստարկների, «Բեւեռը» պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները չի կատարել, ավելին, հայցվորի տեղեկացմամբ, խուսափել է վճարը վերադարձնելուց:

Մինչդեռ, ըստ առուվաճառքի պայմանագրի՝ պատասխանողը պարտավորվել է վճարի դիմաց հայցվորին հանձնել ծրագրային ապահովման 36 ամսվա արտոնագիր։
Կողմերի միջեւ անցյալ տարվա հուլիսի 28-ին կնքվել է համաձայնագիր, որով պատասխանողը պարտավորվել էր «Արեգակին» վերադարձնել նախավճարի գումարը համաձայնագրում նշված որոշակի ժամանականացույցով, սակայն չի կատարել։

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031