Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր նախաձեռնություն

Դեկտեմբեր 02,2016 10:13

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ըստ ամենայնի, կհայտարարեն առաջիկա ընտրություններում միասնական դաշինքով գնալու մասին: Անկախ ամեն ինչից՝ դա, իմ կարծիքով, դրական փաստ է: Դրական է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կարողացան մոռանալ վերջերս իրենց մեջ բռնկված կիսաանձնական բանավեճը: Քաղաքականությունն իրար սիրելու, իրարից նեղանալու եւ, ի վերջո, «լավ տղա լինելու» տեղը չէ: Քաղաքականությունը ծրագրեր իրականացնելու տեղ է: Դրական է, որ որոշել են մեկտեղել իրենց ռեսուրսները: Դրական է, որ չեն սպասում, թե երբ է քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանը, որպեսզի մտնեն նրա՛ դաշինքի մեջ, իսկ եթե փոքր-ինչ ավելի կոպիտ արտահայտվենք՝ որպեսզի նրանից «փող կպցնեն»:

Բնականաբար, այն ընդդիմադիրները, որոնք չեն կարող կամ չեն ուզում միավորվել, կասեն, որ դա «իշխանության պրոյեկտն» է: Չգիտեմ՝ ինչպես ասում են, մոմ չեմ պահել: Բայց ինձ թվում է՝ իշխանությանը շատ ավելի ձեռնտու է, երբ քաղաքական գործիչները ոչինչ չեն անում՝ բացի կախելու, քառատելու եւ վառելու կոչեր հնչեցնելուց: Այո, հասարակության մեծ մասին այդ հռետորաբանությունը դուր է գալիս, բայց դրանք ընդամենը օդի տատանումներ են, որոնցից իշխանությունն ամենեւին չի վախենում, «խուճապի մեջ» չի հայտնվում: Դրանք անատամ տատիկի անեծքներ են, որոնք մեղսունակ մարդու մոտ կարող են միայն ժպիտ առաջացնել:

Շատ ավելի հեռանկարային է մանրակրկիտ, ամենօրյա աշխատանքը՝ տեղական կառույցներ ստեղծելով, սեփական ռեսուրսները իրատեսորեն հաշվարկելով, քաղաքականության, հասարակության, կյանքի ընկալման այլընտրանքային ստանդարտներ ներկայացնելով: Արդյոք դա՞ են պատրաստվում անել վերոհիշյալ երեք կուսակցությունները՝ ես դարձյալ չգիտեմ, բայց վաղ թե ուշ քաղաքական ուժերը դրան գալու են:

Այո, կուսակցական, նախընտրական դաշինքները Հայաստանում սովորաբար տխուր ճակատագիր ունեն: Ցանկացած հարաբերական անհաջողության դեպքում դրանք փլուզվում են, սկսվում են ներքին գզվռտոցը, փոխադարձ մեղադրանքները եւ այլն: Իհարկե, ոչ մի իրավունք չունեմ կուսակցականներին խորհուրդներ տալու, բայց եթե նրանք կարողացել են հաղթահարել սեփական ամբիցիաները եւ գտնել համագործակցության եզրեր, ապա գուցե ավելի հեռուն գնան եւ երեք կուսակցություններից ստեղծեն մե՞կ կուսակցություն:

Բոլոր դեպքերում նախաձեռնությունը հետաքրքիր է, տեսնենք, թե ինչի է այն վերածվելու:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031